Հայ եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Ջեյրան» համույթը դարձել է երիտասարդ կատարողների 13-րդ հանրապետական «Բրավո-2012» փառատոնի ոսկե մեդալակիր:

Փառատոնի 40 անվանակարգերի համար պայքարում էին 15 պարարվեստային համույթներ ողջ Վրաստանից: 4 հոգուց բաղկացած մրցատյանը, որի նախագահն էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի պարերի միջազգային խորհրդի Թբիլիսյան բաժանմունքի նախագահ Զուրաբ Բիլանիշվիլին, իսկ պարարվեստի գնահատողն էր ներկայումս Լոնդոնում վրացական պարը տարածող Սուխիշվիլիների համույթի նախկին պարող Կոնստանտին Չխաիձեն, խստորեն գնահատում էր պարի տեխնիկական անսխալությունը, հագուստի եւ երաժշտության ներդաշնակությունը, կատարողական վարպետությունը:

«Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Ջեյրան» համույթը (պարուսույց Սվետլանա Երիցյան՝Վրաստանի «Պատվո» շքանշանի ասպետ, ՀՀ Սփյուռքի նախարարության Կոմիտասի անվան ոսկե մեդալակիր ) փառատոնին մասնակցել է ավագների եւ փոքրերի խմբերով, «Մախմուր աղջիկ», «Ազգագրական պարերի շարան», «Պոպուրի» եւ «Կինտաուրի» պարերով:

Տեխնիկապես առանց շեղումների, գեղեցիկ արիստիզմով եւ կատարողական բարձր մակարդակով կատարված «Ջեյրան» համույթի բոլոր ելույթներն արժանացել են «Բրավո-2012» հանրապետական փառատոնի մրցատյանի ամենաբարձր գնահատականին: Համույթը եւ նրա բոլոր մասնակիցները ստացել են ոսկե մեդալներ եւ դիպլոմներ, իսկ պարուսույց Սվետլանա Երիցյանը՝ պարի հագուստի եւ երաժշտության ճիշտ համադրության եւ կատարողական վարպետության համար արժանացավ «Լավագույնը» անվանակարգով հատուկ դիպլոմի:

«Բրավո-2012» փառատոնին հասած մեծ հաջողությանը հաջորդել է եւս մեկ հաղթանակ արդեն այլ փառատոնում:

Հունիսի 2-ին Թբիլիսիում կայացել է «Մեկ երկնքի տակ-մշակույթների երկխոսություն» նշանաբանով մուլտիէթնիկ արվեստի փառատոնը: Փառատոնին ներկա էին Վրաստանի մշակույթի նախարար Նիկա Գիլաուրին եւ պաշտոնատար այլ անձինք: Փառատոնը բացելու պատիվը շնորհվել է «Ջեյրան» համույթին: Համույթի գեղեցիկ եւ բարձրարվեստ ելույթներն ուղեկցվել են հանդիսատեսի հիացմունքով, հոտընկայս ու չդադարող ծափահարություններով: «Մախմուր աղջիկ», «Ազգագրական պարերի շարան» «Պոպուրի» եւ «Կինտաուրի» համարներն արժանացել են խստապահանջ մրցատյանի ամենաբարձր գնահատականներին: Համույթի բոլոր մասնակիցները դարձել են «Լավագույն» անվանակարգով փառատոնի դափնեկիրներ, ստանալով դիպլոմներ եւ նվերներ: Իսկ «Լավագույն պարային համույթ» անվանակարգով փառատոնի առաջատարը դարձել է «Ջեյրան» համույթը: