Եվրամիության աջակցությամբ, Հայաստանում հիմնվել է «Ռեժիսորներ առանց սահմանների» նոր ծրագիր` նախատեսված Արեւելյան գործընկերության երկրների կինոգործիչների համար: Այն իրականացվում է «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի միջոցով` ԵՄ աջակցությամբ:

Իր գործընկերների` MAIA (Իտալիա)-ի, INTERFILM (Ուկրաինա)-ի, CINEMA ART CENTER PROMETHEUS (Վրաստան)-ի, INTERNEWS (Հայաստան)-ի հետ համատեղ, ծրագիրը կկազմակերպի մի շարք սեմինարներ եւ դասընթացներ, կտրամադրի առցանց հնարավորություններ Հայաստանում, Վրաստանում, Բելառուսում, Մոլդովայում, Ուկրաինայում, Ադրբեջանում բնակվող կինոգործիչների համար:

ՌԱՍ-ը ձեւավորվել է դեռեւս 2007թ. «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի շրջանակներում մեկնարկած «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումի հիման վրա: Վերջինս հաջողությամբ կայացել է նախորդ հինգ տարիների ընթացքում` նպատակ ունենալով խթանել տարածաշրջանային համատեղ կինոարտադրությունը: Նախորդ տարիներին ֆորումի շրջանակներում տարածաշրջանի երկրներից ներկայացվել է մոտ 100 կինոնախագիծ, որոնց հեղինակ ռեժիսորներին եւ պրոդյուսերներին հնարավորություն է ընձեռվել մասնակցելու միջազգային հեղինակություն վայելող մասնագետների` սցենարի եւ արտադրության զարգացման դասընթացներին, ինչպես նաեւ ծանոթանալու կինոյի զարգացման եւ ֆինանսավորման միջազգային կարեւորագույն կազմակերպություններին եւ ներկայացուցիչներին:

2011թ. Հայաստանում Եվրամիության պատվիրակության կողմից Արեւելյան գործընկերության մշակութային ծրագրի միջոցով դրամաշնորհ ստանալով Եվրոպական համայնքից` ՌԱՍ-ը հնարավորություն ստացավ ընդլայնելու արդեն գոյություն ունեցող ծրագրերի շրջանակը եւ արդեն իսկ 2011-2013թթ. կիրականացնի մի շարք առավել ընդգրկուն նախաձեռնություններ, մասնավորապես` ՌԱՍ համատեղ արտադրության ֆորում, Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ, «Կինոլրագրություն առանց սահմանների», «Ֆիլմեր առանց սահմանների», եւ այլ կինոդասընթացներ եւ ծրագրեր: Նշված բոլոր նախաձեռնությունների վերաբերյալ առավել մանրամասն եւ անընդհատ թարմացվող տեղեկատվությունն առկա է ՌԱՍ-ի` www.dabhub.com ինտերնետային նոր կայքում:

«Կինո առանց սահմանների» ինտերնետային ցանց. ՌԱՍ-ը մշակել եւ իրականացնում է ինտերնետային ցանց տարածաշրջանի կինոգործիչների, լրագրողների եւ կինոյի սիրահարների համար: Ցանցի առանցքը ՌԱՍ-ի նորաստեղծ www.dabhub.com կայքէջն է, որում ներկայացված է կինոգործիչների, լրագրողների, կինոյի սիրահարների եւ կինոյի ֆինանսավորողների համար ընդգրկուն տեղեկատվություն: 

ՌԱՍ համատեղ արտադրության ֆորումն այս տարի կկայանա արդեն 6-րդ անգամ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում` հուլիսի 10-12-ը: Եռօրյա ֆորումի ծրագիրը կներառի սցենարի եւ արտադրության զարգացման դասընթացներ, որոնց կմասնակցեն մրցութային կարգով ընտրված մոտ 12 կինոնախագիծ (լիամետրաժ խաղարկային ֆիլմերի):  Ներկայացված լավագույն նախագծին կտրամադրվի փոքր դրամաշնորհ:

Հայաստան –Թուրքիա կինոպլատֆորմը, հիմնադրված 2008թ., այս տարի` հուլիսի 9-11, Երեւանում կունենա իր հերթական հանդիպումը` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Հայ-թուրքական համատեղ կինոարտադրության խթանմանն ուղղված ծրագիրը մրցութային կարգով կընդգրկի 5 թուրքական եւ 5 հայկական վավերագրական եւ կարճամետրաժ կինոնախագծեր, որոնց ներկայացուցիչ ռեժիսորները եւ պրոդյուսերները մասնակիցների հետ հնարավորություն կունենան մասնակցելու սցենարական եւ արտադրական զարգացման սեմինարներին: Ծրագիրն իրականացվում է Անադոլու Քուլթուր (Թուրքիա) կազմակերպության հետ համատեղ: Մասնակից լավագույն կինոնախագծին կշնորհվի զարգացման դրամաշնորհ:

«Կինոլրագրողներ առանց սահմանների» ծրագիրը տարածաշրջանի երիտասարդ կինոլրագրողներին հնարավորություն կընձեռի տեսականորեն եւ գործնականում զարգացնելու կինոլրագրության եւ կինոքննադատության հմտությունները: Ծրագրի մեկնարկը կկայանա 2012թ. հուլիսի 4-7, որի շրջանակներում կինոլրագրության դասընթացներ կանցկացվեն տարածաշրջանի երկրներից սկսնակ լրագրողների կամ լրագրության ուսանողների համար: Լավագույն մասնակիցներն այնուհետեւ կընդգրկվեն «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի օրաթերթի աշխատանքներում:

«ՌԱՍ ֆիլմեր առանց սահմանների». ՌԱՍ-ը եւ իր գործընկերները «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կներկայացնեն Արեւելյան գործընկերության երկրների վերջին տարիների լավագույն  ֆիլմերը: Ծրագիրն այնուհետեւ կշրջի տարածաշրջանի առնվազն երեք երկրների գործընկեր փառատոներում: Տեղի մշակութային եւ երիտասարդական հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ցուցադրություններ կիրականացվեն նաեւ առավել փոքր քաղաքներում:

Կինոդասընթացներ. ծրագրի շրջանակներում ՌԱՍ-ի եւ իր գործընկերների կողմից Արեւելյան գործընկերության երկրների սկսնակ կինոգործիչների համար առաջին անգամ կիրականացվեն սցենարի եւ արտադրության զարգացման դասընթացներ: Առաջին դասընթացը կանցկացվի Երեւանում հունիսի 11-15-ը: