Հայաստանի ՀՆԱ անկումը 2009թ. հունվար-նոյեմբերի ամիսների կտրվածքով կազմել է 16 տոկոս: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի ՀՆԱ-ն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 16 տոկոսով եւ կազմել 2 տրլն 786 մլրդ 682 միլիոն դրամ:
«Բիզնես 24»-ի փոխանցմամբ՝ ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով 2009թ.-ի սկզբից ՀՀ ՀՆԱ-ն կտրուկ կրճատվել է եւ իր ամենացածր կետին հասել հուլիս ամսին, երբ կրճատումը կազմեց 18.5 տոկոս: Արդեն չորրորդ ամիսն անընդմեջ Հայաստանի ՀՆԱ-ի անկման ցուցանիշը կրճատվում է, օգոստոսին կրճատումը կազմել էր 18.4 տոկոս, սեպտեմբերին` 18.3 տոկոս, հոկտեմբերին` 17.5 տոկոս, իսկ նոյեմբերին սույն ցուցանիշը միանգամից կրճատվել է 1.5 տոկոսային կետով:
Դրական այս շարժն, իրականում այնքան էլ դրական չէ, քանի որ հաշվարկն արվում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, իսկ նախորդ տարի նոյեմբերին արդեն Հայաստանում մոեգնում էր ճգնաժամը:
Տնտեսության ճյուղերից տարեկան կտրվածքով ամենամեծ անկումն արձանագրվել է շինարարության ոլորտում՝ 38,4 տոկոս: Անկումն արդյունաբերության ոլորտում կազմել է 9,9 տոկոս, գյուղատնտեսության ոլորտում՝ 0,2 տոկոս:
Արտաքին առեւտրաշրջանառությունը տարեկան կտրվածքով արձանագրել է 28,5 տոկոս անկում՝ կազմելով 3,57 մլրդ դոլար։ Ընդ որում, ներմուծումը նվազել է 26,3 տոկոսով` կազմելով 2,94 մլրդ դոլար, իսկ արտահանումը 37,4 տոկոսով` կազմելով 620 մլն դոլար։



























