Օրերս Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Կարուշ Վարդանյանը: Ի դեպ այս պաշտոնյայի փեսան էր Գյումրի-Սպիտակ ճանապարհին հնչած կրակոցների հեղինակը:

Հիշեցնենք, հունիսի 10-ին ժամը 19:00-ի սահմաններում, Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին Գյումրի քաղաքի բնակիչներ Ա. Խաչատրյանըեւ նրա աներորդի Ռ. Սարգսյանը վիճաբանել են նույն քաղաքի բնակիչ, Է. Գրիգորյանի եւ վերջինիս հորեղբոր որդի Գ. Գրիգորյանի հետ, որի ժամանակ կրակոցներ են արձակվել: Խաչատրյանը ավագանու անդամ է, Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ ԲՀԿ-ական Արտաշես Սարգսյանի փեսան է:

Դեպքի առթիվ 2012թ. հունիսի 15-ին ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Կրակելու կասկածանքով բերման ենթարկվեց Գառնիկ Գրիգորյանը: Վերջինս նույն Կարուշ Վարդանյանի փեսան է: Վարդանյանին թոշակի ուղարկելը Գյումրիում պայմանավորում են այդ դեպքով:

Կարուշ Վարդանյանի պաշտոնը դեռ թափուր է: Ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել իր տեղակալը` գնդապետ Սայաթ Գարեգինյանը: