Եվրոպայի միջին քաշայինների նախկին փոխչեմպիոն, ներկայումս փրոմոութեր Անդրեյ Շկալիկովը իր տպավորություններն է պատմել IBF վարկածի թեթեւ քաշայիններ Վախթանգ Դարչինյանի եւ գանացի ժոզեֆ Ագբեկոյի մենամարտի մասին։ Հիշեցնենք, որ դատավորների միաձայն որոշմամբ հայ բռնցքմարտիկը մարտում պարտություն կրեց ։

«Ինձ զարմացրեց եւ միեւնույն ժամանակ շատ դուր եկավ Վախթանգ Դարչինյանի ու ժոզեֆ Աքբեկոյի մենամարտը։ Ես համոզված էի, որ մոտակա մի քանի տարիներին Վախթանգը համարժեք մրցակից չէր ունենա։ Դուք բոլորդ էլ տեսաք, թե նա ինչպես էր հաշվեհարդար տեսնում իր մրցակիցներ Կիրիլովի, Միխիարեսի, Արսի հետ։ Սրանք՝ միայն վերջին մենամարտերից։

Նա սովորաբար իր մենամարտերն ավարտում էր նոկաուտներով։ Նրա տեխնիկան անկախատեսելի է, իսկ իր մասնակցությամբ բռնցքմարտը՝ հետաքրքիր։ Վախթանգն ամենաշատ ժողովրդականություն վայելող բռնցքմարտիկներից մեկն է»,- Շկալիկովի խոսքերն է մեջբերում «Чемпионат.ru» կայքէջը ։

«Հավանաբար Դարչինյանը հոգնել է հաղթանակներից»,-ասել է նախկին փոխչեմպիոնը,-"Այդպես պատահում է, երբ ամենաուժեղ բռնքամարտիկներին հաղթելուց հետո չեմպիոնը ներքնապես հանգստանում է եւ դադարում աճել։ Չի լինում հաղթանակի այն ծարավը, որ կար մի ժամանակ։ Բնականաբար ոչ մեկը երբեք չի պատրաստվում պարտվել, բայց երբեմն նյարդրերն ու ֆիզիկականը չեն դիմանում"։