ԼՂՀ-ում «Շարժում-88» կուսակցությունը կոչ է անում քվեարկել նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի օգտին:
«Շարժում-88»-ի տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Լեռնային Ղարաբաղի հանրապետության հարգելի քաղաքացիներ
Ինքնաբավ, անկախ, կայացած քաղաքացիական հասարակությամբ սոցիալապես արդար ու ժողովրդավար հայրենիքի կերտումը բազում հայ սերունդների երազանքն էր, ինչի համար հիմա պատմությունը մեզ ընձեռել է շատ կարճ ու ճակատագրական հնարավորություն։ Ինքնակազմակերպման մեր հատկությամբ մեծ հաշվով պայմանավորված է հայ էթնոսի լինել-չլինելու հարցը։
Ցավոք, հետպատերազմյան տարիներին իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը, ազգային անվտանգության հարցերում ինքնուրույն մտածելու թույլ կարողությունը, ուռճեցված կառավարման համակարգը, չկայացած տեղական ինքնակառավարման ու վտանգված սոցիալական ապահովության ոլորտները, պետական ունեցվածքի ընդգծված անձնավորված սեփականաշնորհումը, անտրամաբանական կադրային քաղաքականությունը եւ հովանավորչությունը, հասարակության տարբեր շերտերի միջեւ ահռելի չափերի հասնող բեւեռվածությունը լրջորեն խաթարել են անկախ պետության կերտման հիմնաքարը՝ բնակչության հավաքական կամքը՝ համարյա ոչինչ չթողնելով 88-ի երբեմնի միասնականությունից։
Պատմության քառուղիներում այս էլ որերորդ անգամ, երբ կարծես թե, թվում է ազգը մոտ է իր նպատակների իրագործմանը, սակայն գալիս է մի պահ, երբ ամեն ինչ գլխիվայր է շրջվում։ Ցավոք, սա չափազանցություն չէ, այլ իրական հեռանկար։
Առկա իրավիճակի պատճառները մեզանից շատերի կրավորական կեցվածքի ու անտարբերության, ոչնչով չհիմնավորված ավելորդ հարմարվողականության մեջ պետք է փնտրել նաեւ։
Պահն է եկել մեր միասնական ու արժանապատիվ «ոչ»-ը ասել խեղված իրականությանը։
Հարգելի համաքաղաքացիներ, դիմում ենք ձեզ, մեր համակիրներին, համապետական մեր տան ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիներին՝ խնդրելով Ձեր ձայնը տալ Վիտալի Բալասանյանի օգտին, ում մասնակցությունը նախագահական ընտրարշավին պայմանավորված է ԼՂՀ ապագային միտված իրական վտանգների չեզոքացմամբ, ինչը նա ապացուցել է, երբ հայրենիքի ֆիզիկական գոյության, լինել-չլինելու հարցն էր դրված»:



























