Տավուշի մարզի Նավուր գյուղում այսօր` հունիսի 27-ին, կատարվածը, երբ փեսան նռնակ էր նետել աներոջ տան մեջ, ցնցել է ողջ գյուղը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, Նավուր գյուղի գյուղապետի տեղակալ Մհեր Նիգոյանը նշեց, որ սովորական, նորմալ, անասնապահությամբ զբաղվող, տան հոգսերով ապրող ընտանիք է եղել: Գյուղապետի տեղակալը դժվարացավ ասել, թե ինչը կարող էր կատարվածի պատճառ հանդիսանալ, միայն նշեց, որ 53–ամյա Վալենտին Սարգսյանը մեկ ամիս առաջ էր կնոջն ուղարկել Ռուսաստանի դաշնություն,  այնտեղ գտնվող 2 որդիների մոտ: «Մենք շատ ենք զարմացել, որ էսպիսի բան էղավ, ինքը կռված տղա էր, ուներ 2 որդի, ապրում էին սոցիալապես նորմալ պայմաններում, կինը տնային տնտեսուհի էր, գյուղատնտեսական աշխատանքներում օգնում էր ամուսնուն»,-ասաց նա:

Նավուր գյուղի բնակիչները պատմում են, որ 53-ամյա Վալենտինը նախկինում ունեցել է դատվածություն, դա եղել է 1996-1997 թվականներին` թմրանյութեր օգտագործելու համար:

Հարեւանները պատմում են, որ հնարավոր է կատարվածի պատճառը լինի ամուսնու խանդը, քանի որ կնոջը նա շատ է սիրել: Հարեւանները բացառում են, որ կինը երբեւէ խանդի առիթ տված լինի:

Տավուշի մարզի Բերդ քաղաքի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Համլետ Պետրոսյանն իր հերթին նշեց, որ մինչ այս պահը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ Վալենտին Սարգսյանի աներորդու` պայթյունից տուժած եւ նշված հիվանդանոց տեղափոխված Բորիս Պետրոսյանի վիճակը: Ի դեպ, հնարավոր է, որ վաղը արդեն նրան տեղափոխեն Երեւան:

Ավելի  վաղ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Նավուր գյուղում, այսօր` հունիսի 27-ին, ժամը 12:30-ի սահմաններում, սարսափելի դեպք է գրանցվել: Ամուսիններ  Վալենտին Սարգսյանը եւ Լիոնետա Պետրոսյանը վիճել են, ինչի արդյունքում կինը գնացել է հայրական տուն: Զայրացած ամուսինը հարցերը որոշել է լուծել նռնակի օգնությամբ եւ այն նետել է աներոջ տան մեջ: