Երեւանի Կասկադ համալիրում, հունիսի 29-ի երեկոյան, տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը, որին ներկա կգտնվեն ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, պետական, մշակութային գործիչներ,  մտավորականներ եւ այլ հյուրեր:

Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Միջոցառման շրջանակներում կիրականացվի համերգային ծրագիր: Ելույթներով հանդես կգա 11 պարախումբ (շուրջ 400 հոգի)` 7 երկրից՝ Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Լիտվայից, Իրանից, Լիբանանից, Թուրքիայից, Սիրիայից, Հորդանանից, Կանադայից, ԱՄՆ-ից:

Ելույթներով հանդես կգան պարախմբեր ԱՄՆ-ից՝ «Գեւորգյաններ» պարարվեստի ակադեմիայի, Վրաստանից՝ «Ջավախք», Ուկրաինայից «Արմենիա», «Արաքս», ՌԴ-ից՝ «Հայասա», «Արին-Բերդ», «Հայաստանի ծաղիկներե, «Տարոն», Կանադայից՝ «Էրեբունի», Նիժնի Նովգորոդից՝ «Նաիրի» պարախմբերը:

«Իմ Հայաստան» համահայկական  փառատոնը հայ մշակույթի տոն է լինելու Հայրենիքում, եւ  շարունակական բնույթ է կրելու:

Փառատոնի ընդհանուր մասնակիցների թիվն անցնում է 1300-ը: Առաջին անգամ փառատոնը կազմակերպվում է ոչ թե մեկ շաբաթվա, այլ` 6 ամսվա ընթացքում եւ բաժանված է ըստ արվեստի ճյուղերի:

Փառատոնի  շրջանակներում  նախատեսվում են  հետեւյալ  միջոցառումները`

1. «Պարարվեստի օրեր»` հունիսի 29-ից հուլիսի 10-ը,

2. «Երգչախմբային  արվեստի օրեր»` օգոստոսի 9-ից 14-ը,

3. Անհատ կատարողների  ելույթներ` հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը,

4. «Դուդուկի համահայկական փառատոն»` սեպտեմբերի 14-18-ը:

Փառատոնի նպատակներն ու խնդիրներն են Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի եւ համագործակցության հնարավորությունների ընդլայնումը, հայ մշակույթի եւ մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը նպաստելը, համագործակցության նոր ձեւաչափերի ձեւավորմանն աջակցելը, Հայաստանի եւ Սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների միջեւ մշակութային կապերի խորացմանը, համատեղ ծրագրերի մշակմանը եւ իրականացմանը սատարելը, ժամանակակից հայ արվեստի զարգացմանն ու գովազդմանն օժանդակելը, մշակույթի ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի հայտնաբերմանն ու համախմբմանը նպաստելը:

Փառատոնին կմասնակցեն Սփյուռքի տարբեր համայնքների պարային համույթներ, երգչախմբեր, անհատ կատարողներ, դուդուկահարներ:

Իրենց մասնակցությունը կբերեն նաեւ ճանաչված կոլեկտիվներ եւ անհատ կատարողներ Հայաստանի Հանրապետությունից եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունից:

Փառատոնի ընթացքում խմբերը համերգային ծրագրերով հանդես կգան ոչ միայն Երեւանում, այլեւ Շիրակի, Լոռիի, Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արմավիրի, Սյունիքի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի մարզերում եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում: