Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին, հունիսի 10-ի երեկոյան տեղի ունեցած կրակոցների առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցված քրգործի շրջանակներում Գյումրի քաղաքի բնակիչ Ռ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել` սպանության փորձ կատարելու եւ ապօրինի կերպով զենք կրելու համար:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական գործով մասնավորապես պարզվել է, որ 2012թ. հունիսի 10-ին Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին Գյումրի քաղաքի բնակիչներ Է. Գրիգորյանը եւ վերջինիս հորեղբոր որդի Գ. Գրիգորյանը վիճաբանել են Ռ. Սարգսյանի քրոջ ամուսնու` Ա. Խաչատրյանի հետ եւ Ա. Գոմցյանին պատկանող «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել Ա. Խաչատրյանի ուղղությամբ:

Այնուհետեւ Ռ. Սարգսյանը, Գյումրի քաղաքում հայտնաբերելով հիշյալ ավտոմեքենան, հետապնդել է եւ վրեժխնդիր լինելու նպատակով, «Լակի» ակումբի մոտ, Ա. Գոմցյանին կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող  հրազեն հանդիսացող ատրճանակից երեք կրակոց է արձակել ավտոմեքենայի ուղղությամբ, վնասել ավտոմեքենան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել եւ դեպքի վայրից հեռացել է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ռ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերով: Ռ. Սարգսյանը կալանավորվել է:

Միջոցներ են ձեռնարկվում` հանցագործության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

Նշենք, որ այս կրակոցների համար օրերս ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Կարուշ Վարդանյանը: Կրակելու կասկածանքով բերման ենթարկված Գառնիկ Գրիգորյանը նրա փեսան էր:

Իսկ Անդրանիկ Խաչատրյանը Արտաշես Սարգսյանի փեսան է, Գյումրիի ավագանիի անդամ: