Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատերերը դժգոհություններ են հայտնում մարզային հարկային տեսչություններից։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Իշխան Կարապետյանը՝ ավելացնելով, որ երկու տարվա ընթացքում կենտրոնի թեժ գիծը մոտ երկու հազար ահազանգ է ստացել տնտեսվարողներից։ «Խնդիրը երկկողմանի է, հատկապես մարզերում ցածր է ձեռնարկատերերի իրավական եւ հաշվապահական գիտելիքների մակարդակը, հարկայինի որոշ աշխատակիցներ էլ փորձում են դրանից օգտվել»,- ասաց նա՝ նշելով, որ այն խնդիրները, որոնք կենտրոնը չի կարողանում լուծել, ներկայացվում է եկամուտների վարչարարության նոր մշակույթի ներդրման բարձրագույն խորհրդին, որոնք լուծում են գտնում։

Կենտրոնի տնօրենը տեղեկարեց նաեւ, որ փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման կենտրոնը հաջորդ տարի եւս շարունակելու է փոքր ծավալի վարկեր տրամադրել գործարարներին։ Ընդլայնվելու են այն պիլոտային ծրագրերը, որոնք իրականացվել են այս եւ նախորդ տարիներին, մանավորապես՝ կենտրոնը կիրականացնի ընկերությունների կապիտալի ֆինանսավորման ծրագիրը։ «Հաջորդ տարի բիզնես դաշտի ուսումնասիրման եւ այն սկսնակ գործարարներին տրամադրելու պիլոտային ծրագիր կսկսենք, ուսումնասիրությունը կտրամադրվի գործարարներին, եւ նրանք փոքր գումարով եւ շուկայի հստակ պատկերացմամբ արդեն կարող են գործունեություն ծավալել»,- ասաց Ի. Կարապետյանը՝ նշելով, որ կշարունակվի նաեւ օթեւանատների ստեղծմանն աջակցման ծրագիրը։ Նրա խոսքով՝ կենտրոնի գործունեության ընթացքում դիմողների մոտ 20 տոկոսը կանայք են եղել։ «Հատկանշական է նաեւ, որ հիմնականում կանայք ձեռնարկությունների սեփականատերերը չեն լինում, բայց զբաղեցնում են ղեկավարի պաշտոնը»,- նկատեց նա՝ ընդգծելով, որ բիզնեսի աջակցման ծրագրերում կանան ց շրջանում ձեռնարկատիրությունը զարգացնելը գերակա ուղղություն է։