Հայաստանում հարսանիքների համար «ամենալավ սեզոնը» ամառն է, հատկապես` հայկական` «մայիս-վայիս» ամսվա նկատմամբ ունեցած նախապաշարմունքային վերաբերմունքից հետո: Ամենաշատ ամուսնությունները գրանցվում են ամռանը ոչ միայն այն պատճառաբանությամբ, որ եղանակը լավն է, անձրեւը չի փչացնի քո տոնը, այլեւ այն պատճառով, որ ամռանը հարսանիք կազմակերպելն էժան է, հարմար եւ գեղեցիկ: Հաշվի առնելով այս հանգամանքը` NEWS.am-ի թղթակիցը որոշեց անդրադառնալ հարսանյաց զգեստների նորաձեւությանը, հայ հարսների նախապատվություններին, գներին եւ այլն:
Մեր մոնիթորինգը հարսանյաց սրահների շրջանում ցույց է տալիս, որ հայ հարսները հարսանյաց զգեստ ընտրելիս այդքան էլ չեն հետեւում նորաձեւության միտումներին: Նրանց նախապատվություններում գրեթե ոչինչ չի փոխվում, ճնշող մեծամասնությունը նախընտրում է «ուռած, շքեղ, քարերով, փայլուն» զգեստներ, մինչդեռ այս տարի դիզայներներն ավելի մեծ տեղ են տալիս «հանգիստ, կիպ» զգեստներին` առանց ավելորդ զարդարանքների, փայլերի, լավագույն դեպքում` թեթեւ ձեռագործ աշխատանքով:
Գույների ընտրության մեջ եւս հայ հարսների շրջանում հետաքրքրությունները չեն փոխվում: Ինչպես միշտ ընդունված է հարսի զգեստի գույնը համարել սպիտակը, դրան զուգահեռ ընտրում են նաեւ կաթնագույնը: Օրինակ` եթե արտերկրում հարսի զգեստը կարող է լինել սեւ, կարմիր, նարջնաջագույն եւ վարդագույն, ապա մեզանում դա ֆանտաստիկայի ժանրից է, լավագույն դեպքում` սպիտակ զգեստի վրա կարող են կապույտ կամ այլ գույնի ինչ-որ նախշեր լինել:
«Մեր մենթալիտետում կարծրատիպերն այնքան ամուր են նստած, որ տարիներ են պետք դրանք փոխելու համար, եթե իհարկե երբեւէ փոխվեն: Սեւը տարիներ շարունակում ասոցացվում է թաղման հետ, մինչդեռ միջազգային առաջատար դիզայների հավաքածուներում ամենագեղեցիկ հարսանյաց զգետսները սեւ-սպիտակի մեջ»,- ասաց «Էմ Ջեյ Էն» հարսանյաց զգեստների խանութի աշխատակից Նատալի Ավագյանը: Նա նշեց, որ արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի հարսանիքից հետո անչափ նորաձեւ են երկար քողերը եւ միայն իրենց սրահում շուրջ տասնյակ 5 մետրանոց քողեր են կարել: Դրանք, նրա խոսքով, գեղեցիկ են նայվում եկեղեցում, շքեղություն են հաղորդում, իսկ արդեն ռեստորանում հարսն այն հանում է եւ դնում ավելի պրակտիկ, կարճ քող:
Նատալի Ավագյանը նշեց, որ մինչեւ վերջերս աղջիկների մեծ մասը նախընտրում էր սպիտակ հարսանյաց զգետսներ եւ միայն վերջին տարիներին են սկսել հագնել կաթնագույն զգեստներ: «Ավելի շատ սիրում են ճոխ, տակը ուռած, ինչքան ուռած այնքան լավ, կորսետը շատ քարերով զգեստներ, միայն նրբաճաշակներն են նախընտրում նստած, համեստ շորեր»,- ասաց նա` շեշտելով, որ նախասիրությունները գրեթե չեն տարբերվում` «վերեւում քիփ, իսկ ներքեւում ուռած զգեստներն են նախընտրում», հազվադեպ են լինում կարճ զգեստներ նախընտրողները:
Նա նշեց, որ հարսանյաց զգեստները Հայաստան բերվում են հիմնականում Թուրքիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Ուկրաինայից, հնարավոր է նաեւ այստեղից կատալոգի կամ վաճառքի օնլայն կայքերի միջոցով պատվիրել: Այս սրահում զգեստների մեկօրյա վարձույթը սկսվում է 70 հազար դրամից եւ հասնում մինչեւ 700 հազար դրամ, իսկ վաճառքը կրկնակի գին է արժենում, օրինակ` եթե մի զգեստի մեկօրյա վարձույթը 250 հազար դրամ է, ապա վաճառքը կլինի 500 հազար դրամով:
Նատալի Ավագյանի խոսքով` շատ ավելի էժան հարսանյաց զգեստները կարելը, որոնք սովորաբար ոչ ստանդարտ կազմվածք ունեցողների համար, որպեսզի դերձակը հաշվի առնի նրա մարմնի առանձնահատկությունը եւ փորձի թաքցնել դրանք զգեստի միջոցով: Հարսանյաց զգեստ կարելը սկսում է 100 հազար դրամից:
Նա նշեց, որ հաճախորդներին միշտ փորձում են օգնել խորհուրդներով, օրինակ` կարճահասակ աղջիկները չպետք է կրեն շատ ուռած զգեստներ, այն կրել կարող են իրենց թույլ տալ բարձրահասակ աղջիկները: Նատալի Ավագյանը նշեց, որ սովորաբար հարսները զգեստն ընտրելիս սրահ են այցելում մայրերի կամ սկեսուրների հետ եւ հաճախ վերցնում են ոչ թե այն զգեստը, որը հենց իրենք են հավանել, այլ այն զգեստը, որը ծնողն է հավանել: Դրանից հետո նրանք «հարսանյաց սրահ» են բերման ենթարկում փեսացուին, որպեսզի վճարի զգեստի վարձակալության համար, բայց թույլ չեն տալիս այն տեսնել, քանի որ «դժբախտություն կարող է պատահել, չի կարելի»:
Իսկ թե հարսանյաց զգեստը քանի անգամ հագնելուց հետո կարող է տեսքը կորցնել, աշխատակցի խոսքով, դա կախված է զգեստի որակից, բայց միջինը 5 անգամ հագնելուց հետո այն տեսքը սովորաբար կորցնում է:
«Փերի» հարսանյաց սրահից մեզ հայտնեցին, որ իրենց սրահ դիմող աղջիկները նախընտրում են հանգիստ, «նստացրած» հագուստ, հիմնականում` կաթնագույն: «Տարեցատարի փոխվում են նախասիրությունները, օրինակ` տարիներ առաջ նախընտրում էին ծյուլային զգետսներ, իսկ այժմ` ավելի ժանյակից կարված զգեստ»,- ասացին նրանք: Աշխատակիցը եւս շեշտեց, որ հիմնականում բոլորը նախընտրում են նույն ոճի զգեստներ` շատ քիչ տատանումներով: Այստեղ եւս զգետսները եւ վաճառում են, եւ վարձակալությամբ են տալիս, կան մի շարք զգեստներ, որոնք ամեն տարի պահանջարկ ունեն: «Փերիում» հարսանյաց զգեստի մեկօրյա վարձակալությունն սկսում է 100 հազար դրամից, իսկ վաճառքը` 15 հազար դրամից:
«Սալոն ԷՄ ԷՍ»-ից հայտնեցին, որ հիմնականում նախընտրում են համեստ զգեստներ` նեղ, առանց քարերի: Մեկ այլ հարսանյաց սրահից էլ հայտնեցին, որ նախընտրում են սպիտակ, կաթնագույն, ժանյակից կարված զգեստներ, սովորաբար մինչեւ ծունկը «նստացրած», իսկ հետո` «բացվող» զգեստներ: Մեկ զգեստի վարձույթը սկսվում է 20-30 հազար դրամից:
Պատրաստեց` Ինգա Մարտինյանը



























