Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությունը հայաստանյան հյուրերի հետ միասին հուլիսի 2-ին նշել է Միացյալ Նահանգների պետականության և Անկախության հռչակագրի ընդունման 236-րդ տարեդարձը:
Ինչպես տեղեկացրին ԱՄՆ դեսպանատնից, դեսպան Ջոն Հեֆերնն ու Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ջերմորեն ողջունել են հայ-ամերիկյան սերտ գործընկերությունը: Հանդիսավոր միջոցառումը մեկնարկել է «Սպեղանի» երգչախմբի կողմից երկու երկրների օրհներգների կատարմամբ, իսկ միջոցառման ամբողջ ընթացքում հնչել է ամերիկյան ջազ և բլյուզ` ամերիկյան զինվորական «Քուլ ջազ ֆյուժեն» նվագախմբի կատարմամբ:
Դեսպան Հեֆերնն իր խոսքում նշել է, որ այս տարի լրացել է Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, ապա հավելել. «Գործընկերության խորացում, ընդհանուր արժեքների խթանում. սա է մեր առաքելությունը, սրան են ուղղված մեր բոլոր ջանքերը Հայաստանում»:
Անկախության տոնը նվիրված է Միացյալ Նահանգների պետականության հռչակմանն ու Անկախության հռչակագրի ընդունմանը, որ տեղի է ունեցել 1776թ. հուլիսի 4-ին:



























