Վոլգոգրադում ձերբակալված Անդրանիկ Երեմյանը, ով 9 տարի հետախուզվում էր Ինտերպոլի կողմից, եթե պատվիրատուների մասին բացահայտումներ անի, դա բոլորի համար էլ նորություն կլինի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, Արցախյան ազատամարտի հերոս Սամվել Գեւորգյանի որդին`  Արթուր Գեւորգյանը (Դավիթաշեն վարչական շրջանի նախկին թաղապետ):

Հիշեցնենք, որ Երեմյանը եւ նրա համախոհները  2003թ-ին կրակել էին «Վոլգա» մեքենայի վրա, որի հետեւանքով մահացել էին վարորդ Սաշիկ Հակոբյանը, նաեւ ուղեւորներ` ՊՆ բուժվարչության ղեկավարի տեղակալ Գարիկ Հարությունյանն ու ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի զարմիկ Արթուր Գեւորգյանի եղբայրը Արկադի Գեւորգյանը:

Արթուր Գեւորգյանի խոսքով, ոստիկանությունն ամեն ինչ անելու է գործի բացահայտման համար: «Չգիտեմ դեռ Անդրանիկ Երեմյանին կբերեն Հայաստան, թե դեռ կմնա Ռուսաստանում: Եթե մնա ՌԴ-ում, ապա այնտեղ իր պատիժը կրելուց հետո նոր պետք է գա Հայաստանում կրի պատիժը: Դա չի նշանակում, որ նրա այնտեղ մնալը նրան ազատում է  այստեղ պատասխանատվությունը կրելուց»,-ասաց նա:

Հարցին, թե միջոցներ ձեռնարկվելո՞ւ են, որ սպանության իրական պատվիրատուն պատասխանատվության ենթարկվի, Ա. Գեւորգյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ իրական պատվիրատուն հայտնի է, հայտնաբերված է եւ նորություն չկա: Հետաքննության ընթացքում, եթե նոր բացահայտումներ լինեն, իհարկե, դա ինձ համար էլ նորություն կլինի»: Նա, սակայն, պատվիրատուների անունները բարձրաձայնել չցանկացավ, նշելով, որ քրգործում բոլորի անունները կան:

«Բոլորն էլ կրում են իրենց պատիժները, բոլորն էլ կալանավորված են այնպես, որ եթե Անդրանիկ Երեմյանը բացահայտումներ անի, դա բոլորիս համար էլ նորություն կլինի»,- նշեց Արթուր Գեւորգյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիս 2-ին Վոլգոգրադում ձերբակալվել է սպանությունների եւ մարդկանց առեւանգման մեջ կասկածվող անձը, որի նկատմամբ Ինտերպոլը հետախուզում էր հայտարարել  9 տարի առաջ: «Հայաստանի բնակիչ Անդրանիկ Երեմյանը ձերբակալվել է  Վոլգոգրադի Վորոշիլովյան շրջանի բնակարանում: Ձերբակալման ժամանակ նա չի հասցրել դիմադրել», - պատմել է ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադյան շրջանի Գլխավոր վարչության մամլո ծառայության ղեկավարի տեղակալ Անտոն Կորնաուխովը: Ըստ նրա` խուզարկության ժամանակ բնակարանում հայտնաբերվել են  խլացուցիչով ատրճանակ, փամփուշտներ եւ տարբեր անուններով կեղծ անձնագրեր: Հայաստանի իրավապահ մարմինները Երեմյանին փնտրում են 2003-ից` երեք մարդու սպանության կասկածանքով:

Երեմյանը եւ Երեւանում նրա համախոհները 2003 թվականի հունիսի 25-ին ցերեկը ժամը 12-ին Երեւանի Նուբարաշենի մայրուղու վրա կրակել էին  «Վոլգա» մեքենայի վրա, որի հետեւանքով զոհվել էր 3 մարդ: Մահացած Արկադիի եղբայր Արտեմ Գեւորգյանն էլ ստացել էր ծանր վնասվածքներ: «Այդ հանցագործությունից հետո Երեմյանը թաքնվում էր Գերմանիայում: ԳԴՀ-ի ոստիկանության կողմից եւս նա հետախուզվում էր 2003 թվականից», - պատմել է ոստիկանության ներկայացուցիչը: