Որո՞նք են Հայաստանում մաշկի հետ կապված ամենատարածված խնդիրները, ովքե՞ր են դիմում բժշկի, ինչպե՞ս խնամել մաշկը, հատկապես` ամռանը, ծով գնալիս, այս եւ այլ հարցերի պատասխանները NEWS.am-ը փորձել է ստանալ  «Լիտտե» նորարարական բժշկության կենտրոնի առաջատար մասնագետ Հասմիկ Մանգասարյանից:

Տարեցտարի աճում են մաշկային խնդիրներով բժիշկներին դիմողների թիվը, որովհետեւ եկող սերունդը շատ ավելի հետեւողական եւ ուշադիր է իր առողջության եւ գեղեցկության հանդեպ: Հասմիկ Մանգասարյանի խոսքով` սկսած 15 տարեկանից`  մարդիկ դիմում են բժշկի եւ ամենաշատը` կորյակային ցանցի եւ պիգմենտացիայի հետ կապված. «Դրանք մեզանում պայմանավորված են շատ ակտիվ արեւով, ճառագայթման մակարդակով: Դա պայմանավորված է նաեւ մարդկանց չիմացությամբ, որովհետեւ ոչ բոլորը գիտեն, որ անհրաժեշտ է օգտագործել արեւից պաշտպանվող նյութեր: Սնունդը, էկոլոգիան եւս նպաստում են մաշկային խնդիրների տարածմանը: Չպետք է մոռանալ, որ էկոլոգիայի բացասական ազդեցության հետ առաջին հերթին շփվում է մաշկը: Կենսակերպը եւս նշանակություն ունի, օրինակ` անվերջ համակարգչի առաջ նստելը կարող է հանգեցնել հոգնած մաշկ ունենալուն,  դա գրականության մեջ շատ տարածված հասկացություն է, այն կարող է առաջանալ նաեւ լիարժեք չքնելուց, մաքուր օդում չմնալուց»,- ասաց բժիշկը:

Առհասարակ, մաշկի հետ կապված խնդիրները եւ խնամքը խիստ ինդիվիդուալ է, հետեւաբար` անհրաժեշտ է մասնագետի դիմել, ձեւավորել մաշկը խնամելու մշակույթ: Հասմիկ Մանգասարյանը  նախեւառաջ շեշտեց, որ  մաշկը պետք է մաքուր պահել, ամեն օր երեկոյան` տուն գալուն պես, այն պետք է լվանալ հատուկ նախատեսված օճառով, դա կարող է լինել հատուկ գելեր, անօճառ օճառներ եւ այլն: Լվանալուց հետո` երեկոյան, եթե մաշկը շատ չոր չէ, ցանկալի է ոչինչ չքսել, որպեսզի այն շնչի: Իսկ եթե մաշկը պրոբլեմատիկ է, ապա լվանալուց հետո ցանկալի է այն  մաքրել որեւէ տոնիկով` առանց սպիրտի կամ շատ քիչ քանակությամբ սպիրտ պարունակող: Առավոտյան,մաշկը պետք է նորից լվանալ ինչ-որ օճառով, տոնիկով մաքրել, քսել արեւից պաշտպանող քսուք եւ կարելի է այդպես տնից դուրս գալ: Մասնագետը խորհուրդ չի տալիս օգտագործել տոնային քսուքներ, մանավանդ` ամեն օր, դրանք կարելի է օգտագործել հատուկ դեպքերում: Նա նշեց, որ դիմահարդարումը պետք է շատ թեթեւ լինի, եթե մաշկի վրա փոքրիկ խնդիրներ կան, ապա կարելի է օգտագործել դրանք ծածկող հատուկ մատիտներ, որոնք նաեւ չորացնում են:

Ինչ վերաբերում է զանազան դիմակներին, ապա  տան պայմաններում եւս կարելի է  ամռանը զանազան դիմակներ ստանալ: Մասնագետը յուղոտ մաշկի համար խորհուրդ է տալիս օգտագործել բոլոր թթու մրգերը` ելակ, բալ, սալոր, ձմերուկ, իսկ չոր մաշկի համար շատ լավ  է ծիրանը: Հասմիկ Մանգասարյանի խոսքով` այդ մրգերը պետք է մաքուր  վիճակով օգտագործել, առանց որեւիցե բանի հետ խառնելու, պարզապես կտրել կամ պյուրա սարքել եւ դնել դեմքին: 15 րոպե պահելուց հետո կարելի է դեմքը լվանալ, որից հետո չոր մաշկի դեպքում կարելի է մի փոքր կրեմ քսել , որպեսզի խոնավացնել, իսկ յուղոտ մաշկի դեպքում ոչինչ պետք չէ անել: Տան պայմաններում, նրա խոսքով, կարելի է օգտագործել նաեւ կաթնաթթվային դիմակներ, օրինակ` մածուն, բայց ոչ  թթվասեր: Նա խորհուրդ է տալիս ամռանը «պիլինգներ, չիստկաներ» չանել, «Խորը չիստկա ցանկալի է անել տարին երկու անգամ առանց գոլորշիի, որովհետեւ ժամանակակից գիտությունը թելադրում է այդպես, որպեսզի հետագայում չլինեն անոթային խնդիրներ: Կորյակներ հանելու համար նախատեսված «գդալները» վաղուց արդեն ժամանակավրեպ են, դրանք կարելի է  գործածել միայն սուղ անհրաժեշտության դեպքում, եթե այլ հնար չկա ինչ-որ բան հանելու»,- ասաց նա::

Ամառային հանգիստը շատերը նախընտրում են անցկացնել լողափին, ընդունել արեւայրուք: Հասմիկ Մանգասարյանը  խորհուրդ է տալիս ծով գնալիս անպայման տանել արեւից պաշտպանվող քսուք, մաշկը լվանալու եւ խոնավացնելու միջոց: «Կլիմա փոխելիս մաշկին չի կարելի սթրեսի մեջ գցել, նա չի սիրում սթրես, բոլոր նյութերը, որ օգտագործում էիք մինչ այդ, պետք է տանեք ձեր հետ»,- ասաց նա:

Արեւայրուք պետք է ընդունել ոչ թե  անմիջական արեւի ճառագայթների տակ կանգնելով, այլ գլխարկով, ակնոցով, անպայման արեւից պաշտպանող քսուքը  դեմքին, որպեսզի «չստանալ ֆոտոծերացում կոչվածը»: Բժիշկը նշեց, որ  բացի ժամանակի ընթացքում բնական ծերացումից`  մաշկի ծերացման մեջ շատ մեծ դեր են խաղում արեւի ճառագայթները:

Ամփոփելով` Հասմիկ Մանգասարյանը շեշտեց, որ եթե մաշկը պրոբլեմատիկ է, ապա անհրաժեշտ է  խորհրդակցել մասնագետի հետ, ցանկալի է` դիմել բժշկական կրթությամբ մասնագետի, ինքնագործունեությամբ չզբաղվել, ինտերնետով տեսնելով կամ սրանից-նրանից լսելով` ինչ-որ բաներ ցանել, այլապես կարող են մեծ խնդիրներ առաջացնել մաշկի համար: