Սեպտեմբերի 23-ին վնասազերծված «բանդայի» գործով ձերբակալված Արտյուշա Հակոբյանի կնոջը` Մարինա Գեորգաձեին, ով նույնպես կալանավորվել էր, տեղափոխել են Վրաստան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Մարինա Գեորգաձեի փաստաբան Արամ Ճուղուրյանից, ով դեմ էր Գեորգաձեի տեղափոխությանը: Որոշումը եղել է այստեղի իրավապահներինը, սակայն կատարվածի փաստով բողոքարկելու մեխանիզմ չկա:
Գեորգաձեի Հայաստանի պաշտպանական կողմը Եվրադատարան գանգատ է ուղարկել, քանի որ այս դեպքում, ըստ նրանց, մարդու իրավունքների կոնվեցիայի խախտումներ կան, որ չի կարելի հոգեկան հիվանդությամբ տառապով մարդուն անազատության մեջ պահել եւ նույն մարդու վերաբերյալ 2 անգամ տարբեր որոշումներ կայացնել: Իսկ Վրաստանում պաշտպանական կողմը միջոցներ է ձեռնարկում, որ հիվանդության հետ հաշվի նստեն եւ պատժից ազատեն:
Հաշվի առնելով, որ Գեորգաձեն Հայաստանում պարբերաբար ինքնասպանության փորձեր է կատարել, հետաքրքրվեցինք, թե Վրաստանում նմանօրինակ փորձերը կրկնվո՞ւմ են, ինչին ի պատասխան Արամ Ճուղուրյանն ասաց, որ Վրաստանում նման փորձեր դեռեւս չի արել, քանի որ այնտեղ բժշկական վերահսկողությունն ավելի լուրջ է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մինչեւ Երեւանում հայտնի «բանդայի» վնասազերծումը եւ Մարինա Գեորգաձեի ձերբակալումը, նա խարդախության մեղադրանքով հետախուզման մեջ էր գտնվում նաեւ Վրաստանի իրավապահների կողմից: Նրա փաստաբանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել էր, որ 1998թ-ին Մարինա Գեորգաձեն Թիֆլիսում տուրիստական գործակալություն է ունեցել, սակայն մի անգամ ինչ-ինչ պատճառներով Մոսկվայից Եվրոպա տուրիստներին տեղափոխելու պարտավորությունները չեն կատարվել: Հետագայում այն մարդիկ ովքեր վճարել էին ուղեւորության համար եւ տեղ չէին հասել, բողոքել էին եւ դա դարձել էր քրգործ: Արդյունքում Գեորգաձեն խարդախության համար դատապարտվել էր 5 տարվա պայմանական ազատազրկան, բայց նա չէր կալանավորվել:
2.5 տարի Գեորգաձեն մնացել էր Թիֆլիսում, որից հետո եկել էր Հայաստան, որտեղ էլ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր եւ նա պառկել էր հոգեբուժական հիվանդանոցում:
Հոգեբուժարանում գտնվելու պատճառով Գեորգաձեն ճիշտ ժամանակին չի գնում Թիֆլիս, իսկ, ըստ կարգի, եթե պատիժը պայմանական չկիրառելու կարգը խախտում ես, իրավունք ունեն պայմանականը վերացնել, որն էլ իրականացնում են: Դրանից հետո պատիժը մնում է ազատազրկումը եւ նրա նկատմամբ կրկին հետախուզում են հայտարարում: 2010թ-ին ՀՀ ոստիկանությունը նրան բռնում է եւ կալանավորում: 40-օրյա ժամկետում բժշկական անկախ հանձնաժողովը նրան զննում է եւ հաստատում, որ նա ծանր հիվանդությամբ է տառապում, ինչը նշանակում է, որ նրա հանձնումը վրացական կողմին նրա կյանքի եւ առողջության համար վտանգավոր է:
Արդարադատության նախարարությունը օրենքով սահմանված կարգով մերժում է Մարինա Գեորգաձեին հանձնել Վրաստանի իրավապահներին: Սակայն, երբ սկսվում է բանդայի գործը Մարինա Գեորգաձեին, որդուն եւ դստերը որպես ընտանիքի անդամ, տանում են բաժին: Այնտեղ ոստիկաններից մեկը, ով 2010թ-ին այդ գործով շփվել է նրա հետ, ճանաչում է Գեորգաձեին ու նրան կալանավորում են:
Ի դեպ, փաստաբանը նաեւ նշել էր, որ Մարինա Գեորգաձեն ձերբակալված է Վրաստանին հանձնելու նպատակով: Նա «բանդայի» գործով բացարձակապես կապ չունի, նույնիսկ չի հարցաքննվել:


























