Վերին Լարսի անցագրային կետի տարուց ավելի փակ լինելը փոքր ինչ չի նվազեցրել այդ ճանապարհով Հայաստան բեռնափոխադրումների կարեւորությունը եւ այն բացվելուց անմիջապես հետո հսկայական թվով ապրանքներ Հայաստան կմտնեն հենց այդ ճանապարհով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց RAILVNESHTRANS ընկերության տնօրեն Արսեն Տեր-Կարապետյանը: Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Վրաստանը համաձայնել են եկող տարվա մարտ ամսին բացել Վերին Լարսի անցակետը:

«Այս ընթացքում բեռնափոխադրումները կատարվել են այլ ուղիներով, սակայն Վերին Լարսի բացման խնդիրը շարունակում է մնալ արդիական, քանի որ դա տրանսպորտային ծախսերը կնվազեցնի, եւ ժամանակի առումով բեռների տեղափոխումն ավելի արագ կկատարվի»,- ընդգծեց նա: Հարցին, թե հնարավո՞ր է, որ բեռնափոխադրում իրականացնող ընկերությունները, արդեն հարմարվելով բեռները լաստանավով փոխադրելու տարբերակին, այլեւս չցանկանան օգտվել Վերին Լարսի բացվող անցակետից, Ա. Տեր-Կարապետյանը պատասխանեց. «Նման բան չի լինի: Վերին Լարսը բացվելուց հետո ապրանքների մեծ մասը անցնելու է հենց այդ անցակետով, քանզի դա ոչ միայն էժան է, քանի որ լաստանավային փոխադրումն անհամեմատ թանկ է, այլեւ ժամանակի առումով շահավետ է»: Նրա խոսքով, Հայաստան բեռնափոխադրումների մոտավորապես 30-40 տոկոսը կթեքվի դեպի Վերին Լարս: «Իհարկե, Եվրոպայից եկող բեռները կշարունակեն գալ ծովով, սակայն Ռուսաստանից եւ Ուկրաինայից եկող բեռների համար ամենաշահավետը Վերին Լարսն է»,- իր խոսքն ամփոփեց նա: