«Արայ» ընկերության սպանված սեփականատեր Արմեն Պետրոսյանի` հուլիսի 11-ին Բագրատաշենի անցակետից բերման ենթարկված մորը` Կարինե Սուքիասյանին հանձնել են Քննչական գլխավոր վարչություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանությունից:
Այնտեղից Կարինե Սուքիասյանը ստորագրությամբ ազատ է արձակվել, ընթանում է նախաքննություն: Կարինե Սուքիասյանի հետ էր թոռնուհին ՝ ամիսներ առաջ հրազենային վնասվածքից մահացած Արմեն Պետրոսյանի եւ նրա նախկին (քաղաքացիական) կնոջ` Տատյանա Չադենկովայինի 5-ամյա դուստրը:
Հիշեցնենք, որ վերջինիս նկատմամբ դեռեւս մարտի 2-ից հայտարարվել էր հետախուզում այն բանի համար, որ Կարինե Սուքիասյանը անհետացել էր թոռնուհու ՝ ամիսներ առաջ հրազենային վնասվածքից մահացած Արմեն Պետրոսյանի դստեր հետ: 5-ամյա երեխան, որը գտնվում էր Կարինե Պետրոսյանի մոտ, որդու եւ նրա նախկին (քաղաքացիական) կնոջ` Տատյանա Չադենկովայինն դուստրն է, որի խնամակալության հարցը հոր մահվանից հետո վիճարկվում էր Արաբկիր վարչական շրջանի դատարանում: Կարինե Սուքասյանի ու երեխայի անհետանալուց հետո Տատյանա Չադենկովան դիմել էր ոստիկանություն: Միջազգային հետախուզում էր հայտարարվել եւ քրեական գործ էր հարուցվել քրեական օրենսգրքի 167 հոդվածի հատկանիշներով` ծնողներից երեխային ապօրինի բաժանելու հատկանիշներով:
Նշենք, որ պաշտոնական վարկածով, Արմեն Պետրոսյանն ինքնասպան էր եղել:


























