«Կարծում եմ, որ այս ընթացքով գնալու դեպքում ՀՀ նախագահը հոկտեմբերին Թուրքիա այցելելու պատճառ չի ունենա, որովհետեւ նախագահն իր խոսքի տերն է լինելու, երբ ասաց, որ ինքը չի գնալու որպես տուրիստ, կամ ճանապարհները պետք է բաց լինեն, կամ բացման նախօրեին լինեն, ինչը նշանակում է, որ առնվազն դիվանագիտական հարաբերություններ հաստատող պայմանագիրը պետք է ստորագրված լինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա խոսքով, թեեւ թուրքական կողմն անպայման փորձելու է որոշ հնարքների դիմել եւ արդեն սկսել են խոսել, որ այդ օրը սահմանը բաց պիտի թողնեն, բայց Սերժ Սարգսյանը հիմք չի ունենալու այցելել Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղը դիտելու:
Կ. Մանոյանը նկատեց նաեւ, որ եթե մինչեւ հոկտեմբեր սահմանները պետք է բացվեին, ապա մինչեւ հիմա արդեն որոշ քայլեր պետք է արված լինեին, սակայն «ճանապարհային քարտեզ» ասվածն այսօր չի աշխատում: Մյուս կողմից, ըստ նրա, Թուրքիան հայտարարել է, որ ինքը ՀՀ հետ պայմանագիր չի ստորագրի, քանի դեռ ԼՂ խնդիրը չի կարգավորվել, իսկ քանի որ մինչեւ հոկտեմբերի ԼՂ խնդիրը չի կարգավորվի, ապա սահմանն էլ չի բացվի: «Իհարկե, կարող են կրկին ճնշումներ լինել կողմերի վրա, բայց դրանց պետք է դիմադրել, քանի որ դա չի բխում հայկական շահերից»- նշեց նա:
NEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի ֆուտբոլային հավաքականները կհանդիպեն Բուրսայում` «Աթաթուրքի» անվան մարզադաշտում: Ի դեպ, նախօրոք հայտարարվել էր, թե խաղը կայանալու է Կայսերիում, սակայն թուրքական «Hurriyet» թերթը տեղեկացնում է, որ խաղի վայրը տեղափոխվել է Բուրսա: 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի գավաթի նախընտրական Թուրքիա-Հայաստան խաղը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին: Բուրսան գտնվում է Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում եւ երկրի խոշոր 5 քաղաքներից մեկն է, որի բնակչությունը հասնում է մոտ 2 միլիոնի:




























