Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, անցնող տարին էին ամփոփում ՀՀ Հանրային խորհրդի Գիտության եւ կրթության, Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման, ինչպես նաեւ Գյուղատնտեսության եւ բնապահպանության հանձնաժողովների ղեկավարները։

Նշելով, որ Հանրային խորհուրդը քննարկում է հանրության համար կարեւոր նշանակության հարցեր եւ փորձում լուծումներ գտնել դրանց համար, հանձնաժողովներից յուրաքանչյուրի ղեկավարը ներկայացրեց տարվա ընթացքում կատարած իրենց աշխատանքները։

Գիտության եւ կրթության հանձնաժողովի ղեկավար, ՀՊՄՀ ռեկտոր Արտուշ Ղուկասյանը հայտարարեց, որ ողջ տարվա ընթացքում Հանրային խորհրդի առջեւ, բացի պրոֆեսիոնալ ոլորտին առնչվող խնդիրներից, դրված են եղել երկու կարեւոր այլ հարցեր եւս՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում եւ մարտի 1-ի գործով անազատության մեջ գտնվողների համաներում։

Որպես կրթության ոլորտի ամենամեծ թերություն՝ հանձնաժողովի ղեկավարն առանձնացրեց կաշառակերությունը, սակայն հայտարարեց, որ կրեդիտային համակարգի ներմուծմամբ 2009-ից կոռուպցիոն ռիսկերը զգալիորեն նվազել են։

Գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար Յուրի Ջավադյանն էլ նշեց, որ իրենք ուսումասիրել են գյուղատնտեսության ընդհանուր վիճակը եւ պարզել, որ հանրապետության 450 հազար հա հողերից չի մշակվում առնվազն 150 հազարը. պատճառը, հիմնականում, տեխնիկայի մաշվածությունն է։ «Բնապահպանության նախարարության հետ համատեղ փորձելու ենք լուծել ոլորտում առկա խնդիրները»,- նշեց նա՝ ավելացնելով, որ հայ-թուրքական սահմանի բացումը միայն կնպաստի ՀՀ գյուղատնտեսության զարգացմանը։

Հանրային խորհրդի Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հանձնաժողովի ղեկավար Կորյուն Առաքելյանը, ով նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի պետական հանձնաժողովի անդամ է, առավել հանգամանալից անդրադարձավ հենց այս ոլորտին։ Հիշեցնելով, որ 2010-ից սկսվելու է հայաստանյան հեռուստաընկերութունների թվայնացման գործընթացը, նա նկատեց, որ դրանից հետո արտասահմանյան հեռուստաալիքների հետ հետաքրքիր մրցակցություն կծավալվի։