ADC ինտերնետ կապի օպերատոր ընկերությունը արձագանքել է «Արմենթել» ընկերության տնօրեն Իգոր Կլիմկոյի ADC-ին ուղղված մեղադրանքներին։ Ըստ ADC-ի՝ ընկերությունը դեկտեմբերի 16-ից անց է կացնում ցանցի վերազինում, որի հետևանքով էլ ռեսուրսների աշխատանքի ընթացքում ժամանակավորապես դադարեցվել է միջազգային ռեսուրսների հայելապատման ծառայությունը, Հայաստանի բոլոր օպերատորների համար:

NEWS.am-ին տրամադրած հայտարարությունում ADC –ն նշել է, որ միջազգային ռեսուրսների հայելապատման ծառայության տրամադրման հարցում պայմանագրային որևէ պարտավորվածություն չունի մյուս օպերատորների նկատմամբ:

Ըստ ինտերնետ կապի օպերատոր ընկերության՝ օպերատորների համար միջազգային ռեսուրսների ժամանակավոր դադարեցումը նպատակ ունի ապահովել ինտերնետ այդ ռեսուրսներից օգտվելը՝ միջազգային կապի սեփական ուղիներով։ Դա, ADC-ի հավաստմամբ, հաջողությամբ իրականացրել են Orange, Viva-Cell, Arminco ընկերությունները: «Եթե ՀՀ տարածքում գործող առանձին օպերատորներ չունեն բավականաչափ ռեսուրսային հնարավորություններ, ապա դրա համար ADC-ն պատասխանատվություն չի կրում ու չի էլ կարող կրել»,- նշված է հայտարարության մեջ:

Ըստ հայտարարության՝ ADC ընկերությունը միջազգային ռեսուրսների հայելապատման ծառայությունից օգտվելու հնարավորությանը վերաբերող կոմերցիոն առաջարկ է ուղղել շուկայի մի շարք սուբյեկտների, այդ թվում՝ նաև «Արմենթելին»՝ Ի. Կլիմկոյի հնչեցրած մեղադրանքներից երկու օր առաջ:

«Որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, ADC-ն կոչ է անում „Արմենթելի“ ղեկավարությանը՝ այսուհետեւ ձեռնպահ մնալ չհիմնավորված հայտարարություններից, որոնք, կարող են վնաս հասցնել ADC ընկերության համբավին ու գործնական հեղինակությանը»,- ասված է հայտարարության մեջ։

Տեղեկացնենք, որ վերջերս «Արմենթել» ընկերության գլխավոր տնօրեն Ի.Կլիմկոն ինտերնետ կապի որակի վատացման համար մեղադրեց ADC ընկերությանը եւ մյուս օպերատորներին՝ նշելով, որ ինտերնետ կապի օպերատորները եւ մասնավորապես՝ ADC-ն, դադարեցրել են միջազգային ռեսուրսների հայելապատման ծառայությունը, ինչն ազդել է իր կողմից տրամադրվող ինտերնետ կապի որակի վրա։ ADC-ի նման պահվածքը Ի. Կլիմկոն անբարեխիղճ մրցակցություն էր որակել, եւ նշել էր, որ դիմելու է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով։