Թերթը գրում է, որ ընթացիկ լրահոսում մի տեսակ ի միջի այլոց առկայծեց Կոտայքի մարզպետի տեղակալի՝ կաշառք ստանալու պահին ԱԱԾ-ի կողմից ձերբակալվելու մասին տեղեկությունը։ Նշվեց ընդամենը որպես արձանագրված իրողություն։
«Մինչդեռ, կարծում ենք, թե կատարվածի մասին պաշտոնական տեղեկատվության ժլատ մանրամասները, թե փաստն ինքնին ուշագրավ են մի շարք առումներով։ Ի վերջո, Հայաստանում ամեն օր, նույնիսկ ամեն ամիս չէ, որ այդ կարգի պետական պաշտոնյա են բռնում, այն էլ՝ «հանցանքի վայրում»։
Բայց, նախ, հիշեցնենք, թե ինչ է կատարվել։ Ըստ ԱԱԾ տարածած տեղեկատվության, հուլիսի 13-ին Ազգային անվտանգության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դպրոցի տնօրենից 40.000 դրամ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Կոտայքի մարզպետի տեղակալ Լեւոն Միքայելյանը: «Վերջինս իր պաշտոնավարման ընթացքում մարզի մի շարք միջնակարգ դպրոցների տնօրենների առջեւ ապօրինի պահանջ է դրել` պարբերաբար կաշառք վճարել դպրոցներում ստուգումներ չիրականացնելու եւ խնդիրներ ստեղծելու սպառնալիքի դիմաց»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Առաջինը, ինչ հետաքրքրեց, այս տեղեկատվությունը լսելուն պես, որքան էլ զարմանալի թվա առաջին հայացքից, ձերբակալված փոխմարզպետի կուսակցական պատկանելությունն է։ Պարզվեց, որ ձերբակալվածը ՀՀԿ-ական է։ Լավ է, որ նա այլընտրանքային «Բարգավաճ Հայաստանից» չէ, որն այդ մարզում, ինչպես հայտնի է, ակտիվ տարածում ունի։ Իսկ լավ է, որովհետեւ դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի վայնասուն էր բարձրանալու, եթե հանկարծ ձերբակալվածը ԲՀԿ-ական լիներ։
Ամպադղորդ հայտարարություններն ուղղակի կհաջորդեին միմյանց, իսկ ամենամեղմ արտահայտությունները կլինեին «քաղաքական հետապնդումը» եւ «սարքած գործը»։ Իսկ այսպես, համարյա նույնիսկ ուշադրություն դարձնող էլ չեղավ։
Ինչ վերաբերում է բուն եղելությանը, ապա միանգամից աչք ծակեց երկու հանգամանք. ձերբակալվածի բարձր պաշտոնը՝ մարզպետի տեղակալ, եւ վերցրած կաշառքի չափը՝ 40 հազար... դրամ։ Մի պահ նույնիսկ թվաց, թե կաշառքի գումարը ճիշտ չի նշված։ Բայց չէ՝ պարզվեց, որ ճիշտ է. 40 հազար ՀՀ դրամ։
Փաստորեն եթե փոխմարզպետի կարգի պաշտոնյան է հավելյալ (թեկուզ ապօրինի) 40 հազար դրամի հույսին, ապա վիճակը բավական լուրջ է։
Ուշագրավն այն է, սակայն, թե ումից ու ինչի համար է Կոտայքի մարզպետի տեղակալը (հասկանալի է, արդեն՝ նախկին) կաշառք պահանջել ու բռնվել ստանալու պահին։ Սա ամենակարեւորն է։ Իսկ կաշառք պահանջել է մարզի դպրոցներից մեկի տնօրենից։ Եվ պահանջել է այդ կաշառքը միայն այն բանի համար, որ ստուգումներ չիրականացվեն դպրոցում։
Ավելին, Կոտայքի մարզպետի տեղակալը մարզի մի շարք միջնակարգ դպրոցների տնօրենների առջեւ է պարբերաբար «մուծվելու» պահանջ դրել` նույն սպառնալիքով։
Կաշառք մուծելու զանգվածային պահանջն ու ընդգրկումը ինչ-որ տեղ «պարզեցնում» է կաշառատվության չափի հարցը։ Կոտայքի մարզում քանի՞ միջնակարգ դպրոց կա։ Բազմաթիվ։ Ենթադրենք, այդ «բազմաթիվից» 20 դպրոցի տնօրեն պարտաճանաչ ու սրթսրթալով «մուծվել» է կաշառք վերցնելու պահին բռնված մարզպետի տեղակալին։ Մարդը՝ 40 հազար դրամ։ Իսկ դա արդեն լուրջ գումար է՝ 800 հազար։
Ինչեւէ, ենթադրենք, որ մի քանի դպրոցների տնօրեններ «մուծվել» են։ Հարցերը, թե ինչո՞ւ, կամ ի՞նչ կաշառք կարելի էր ակնկալել միջնակարգ դպրոցի տնօրենից, մի տեսակ միամիտ են հնչում։ Այո, բոլորս էլ գիտենք, որ միջնակարգ դպրոցները առեւտրային հաստատություններ չեն, շահույթ ու եկամուտ ստանալու տեղ չեն։
Բայց ձերբակալված փոխմարզպետը շատ ավելի լավ գիտեր, թե ումից ի՞նչ է ուզում. միջնակարգ դպրոցների տնօրենները նույնպես առնչվում են պետական բյուջեի գումարներին ու այնքան չարաշահելու տեղեր ունեն։ Օրինակ, կարո՞ղ են ուռճացնել աշակերտների թիվը եւ, ըստ այդմ, ուսուցիչների հավելյալ «հաստիքներ» ունենալ, բայց չեղած աշակերտների չեղած ուսուցիչների համար նախատեսված վարձատրության գումարները գրպանել։ Կարո՞ղ են այլ չարաշահումներ թույլ տալ, ասենք, նորոգման կամ նման այլ նպատակով հատկացված գումարների պարագայում։ Կարող են»։




























