Թերթը գրում է. «Վերջին օրերին մենք շարունակ մտածում էինք, թե որտեղ է չքվել ու չի երեւում ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Պարզվում է, նա իր տեղակալ Սամվել Աբրահամյանի եւ ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի հետ մեկնել է Թբիլիսի մասնակցելու Հարավային Կովկասի երկրների լիբերալ կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀՇ լրատվական ծառայությունը, հուլիսի 13-15-ը Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանից` ՀՀՇ, Ադրբեջանից` «Մուսավաթ», Վրաստանից` Հանրապետական կուսակցությունների ղեկավարների հանդիպում:
…Ի դեպ, ՀՀՇ լրատվական ծառայությունը, ներկայացնելով հանդիպման մասնակիցներին, նշում է. «Հայկական պատվիրակության կողմից հանդիպմանը մասնակցել են...»: Կարելի է, կարծել, թե խոսքը պետական-պաշտոնական պատվիրակության մասին է, եւ հենց ՀՀՇ-ին է պետությունը գործուղել Թբիլիսի` հանդիպելու ադրբեջանական «Մուսավաթ» կուսակցության հետ:
Իսկ ինչ է, մի՞թե կարծում էիք, թե ՀՀՇ ղեկավարը «Մուսավաթի» ղեկավարի հետ խոսելու էր Արցախի անկախության ճանաչման մասին: ՀՀՇ-«Մուսավաթ» խորացող ջերմ բարեկամության շրջանակում Արցախի ճանաչման հարցը տասներորդական նշանակություն ունի: Կարեւորը ախպերությունն է։ Հանուն դրա ամրապնդման ՀՀՇ-ն երբեք տհաճություն չի պատճառի իր սիրելի «Մուսավաթին»:
Հիշեցենք, որ 2010-ին, երբ ՀՀՇ-ն Գերմանիայում հանդիպում էր «Մուսավաթի» հետ եւ հռչակագիր ստորագրում, դրանից օրեր առաջ Ադրբեջանում սպանվեց Հայաստանի սահմանամերձ գոտում առեւանգված, քաղաքացիական անձ հանդիսացող, երիտասարդ հովիվը` Մանվել Սարիբեկյանը:
Սակայն Արամ Մանուկյանը «Մուսավաթի» ղեկավարի` Իսա Ղամբարի հետ ուրախ-զվարթ փաստաթուղթ էր ստորագրում, որում նախանշված են համագործակցության հետագա քայլերը` «համամարդկային արժեքների հաստատում, քաղաքացիների իրավունքների հարգում` անկախ նրանց ազգային եւ կրոնական պատկանելությունից» եւ այլն:
Եվ ոչ մի խոսք ադրբեջանցիների կողմից հայ երիտասարդի սպանության փաստի մասին: Դե, ՀՀՇ ղեկավարը ինչպե՞ս կարող էր հռչակագրի ստորագրման ժամանակ փչացնել Իսա Ղամբարի տոնական տրամադրությունը:
Երբ երկու տարի առաջ ՀՀՇ-ն գաղտնի հանդիպում եւ հռչակագիր էր ստորագրում «Մուսավաթի» հետ, այն ժամանակ ՀԱԿ-ի առանցքային ուժը համարվող այս կուսակցությունը արտախորհրդարանական ուժ էր, եւ ինչ-որ տեղ անլուրջ կարելի էր համարել նրա այդ քայլը: Սակայն հիմա, երբ Արամ Մանուկյանը փողոցային գործչից դարձել է պետական պաշտոնյա, ՀԱԿ խմբակցության պատգամավոր, հարց է առաջանում, արդյոք նրան ներկա կարգավիճակը թո՞ւյլ է տալիս գործել ինքնագլուխ` շարունակել «արիշ-վերիշները» ադրբեջանական ուժի հետ:
Հայաստանի պառլամենտի անդամը, զանց առնելով սեփական պետության դիրքորոշումները, մասնավորապես նաեւ այն, որ մեր երկիրը դիվանագիտական հարաբերություններ չունի Ադրբեջանի հետ, փաստորեն համագործակցում է թշնամի պետության կուսակցական ներկայացուցչի հետ:
Նկատենք նաեւ, որ արդեն երկու տարի ՀՀՇ-ն այդ հանդիպումների մասին բացի տրաֆարետային ձեւակերպումներով շարադրված «տեղեկատվությունից», այլ բան չի տարածում: Մանրամասներ չեն հաղորդվում, թե կոնկրետ ինչի մասին են զրուցում Արամ Մանուկյանն ու Իսա Ղամբարը: Ասենք, ինչպես է ՀՀՇ ղեկավարը իր հարազատ գործընկերոջը ներկայացնում «Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը»:
Եթե համագործակցում են «համամարդկային արժեքների հաստատման», «մարդու իրավունքների» հարցի շուրջ, ապա երկու տարի առաջ Արամ Մանուկյանը, վերադառնալով Պոտսդամից եւ հայտնվելով միտինգային հարթակում, ինչո՞ւ իր ելույթում այդ մասին ոչինչ չասաց: Ի՞նչ ուներ թաքցնելու «ֆորումից»:
Իշխանություններին հայհոյելու արանքում դե թող համարձակվեր ու միտինգավորներին նաեւ տեղեկացներ ՀՀՇ-«Մուսավաթ» հանդիպման եւ մեկնարկած համագործակցության մասին: Սակայն թե 2010-ին, թե դրանից հետո անցկացված միտինգների ժամանակ Արամ Մանուկյանն ու ՀԱԿ ղեկավարությունը շարունակեցին լռություն պահպանել եւ չբացահայտել ՀՀՇ-«Մուսավաթ» համագործակցությունը»:


























