Բրիտանական ոստիկանությունը Tetra Pak բիզնես կայսրության ժառանգորդ Հանս Ռաուզինգին մեղադրանք է ներկայացրել սեփական կնոջ հուղարկավորությունը պատշաճ կերպով չկազմակերպելու համար, գրում է gazeta.ru-ն` հղում անելով BBC-ին:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Եվա Ռաուզինգի դիակը նախորդ շաբաթ հայտնաբերվել էր Լոնդոնի կենտրոնում գտնվող նրանց առանձնատանը:
Դեպքերը զարգացել են այսպես. ոստիկանները կանգնեցրել են Հանս Ռաուզինգի մեքենան, քանի որ նրանց թվացել է, որ վերջինս ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ է: Խուզարկության ընթացքում նրանք քիչ քանակով թմրանյութեր են գտել:
Արդյունքում ոստիկանությունը Ռաուզինգի տունը խուզարկելու թույլտվություն է ստացել, որտեղ էլ ննջարանում հայտնաբերել է մահացած Եվա Ռաուզինգի մարմինը:
Եվա Ռաուզինգը «TetraPak» փաթեթավորման շնորհիվ միլիարդների կարողություն կուտակած ընտանիքի ներկայացուցիչ էր: 48-ամյա կնոջ մահվան պատճառը թմրանյութերի չափաքանակի գերազանցումն է եղել:




























