Ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը դիմել է Մոսկվայի Բասմաննի դատարան`բողոքելով քննչական մարմինների` իր կարծիքով ապօրինի գործողությունների դեմ, ասել է նրա փաստաբանը, գրում է «Ռոսբալտը»:

«Մենք բողոք ենք ներկայացրել քննչական մարմինների կողմից Քսենյայի փողերը բռնագրավելու փաստի առթիվ: Ընդ որում, դատարանը, փոխանակ գործի քննությունը նշանակի դիմելուց հետո հինգ օրվա ընթացքում, այն նշանակել է օգոստոսի 8-ին: Մենք նշանակված օրվա կապակցությամբ բողոք ենք ներկայացրել ատենապետին, քանի որ նա պարտավոր է հետեւել, որպեսզի գործերը քննվեն օրինական ժամկետներում», - ասել է Րեզնիկը: Փաստաբանը նաեւ հավելել է, որ քննիչներին միջնորդագիր է ուղարկվել գումարը հետ վերադարձնելու համար, բայց պատասխան չի ստացվել:

Հիշեցնենք, որ քննիչները խուզարկել էին  մայիսի 6-ի Բոլոտնայայի դեպքերի կապակցությամբ հունիսի 11-ին  բողոքի ակցիաների կազմակերպիչների բնակարանները: Նրանք այցելել էին Ալեքսեյ Նավալնիի, Սերգեյ Ուդալցովի, Իլյա Յաշինի, Բորիս Նեմցովի եւ ընդդիմադիր այլ հայտնի գործիչներն: Չնայած որ Սոբչակը մայիսի 6-ին Բոլոտնայայում ներկա չէր եղել, քննիչները այցելել էին նաեւ նրան:

Հեռուստահաղորդավարուհու սեյֆից հարյուրավոր ծրարներով ավելի քան 1 մլն եվրո, 480 հազար դոլար եւ նույնքան ռուբլի էին առգրավել, նաեւ` անձնագիրը, որոնք չեն վերադարձրել տիրոջը: Հաջորդ օրը (հունիսի 12-ին, երբ կայացավ երկրորդ «Միլիոնների երթը») բոլոր ընդդիմադիրները Քննչական կոմիտե  հարցաքննության էին հրավիրվել: