Ամերիկյան Քլիվլենդ քաղաքում (Օհայո նահանգ) հուլիսի 19-ին 76 տարեկան հասակում մահացել է Եգիպտոսի նախկին փոխնախագահ Օմար Սուլեյմանը:
Ինչպես հայտնում է RBC-ն, վկայակոչելով Reuters-ը, նրա մահվան հստակ պատճառը դեռ չի պարզվել: «Դա հանկարծակի է եղել, երբ նա բուժզննում էր անցնում»,- պատմել է աղբյուրը` ընդգծելով, որ մինչ այս Սուլեյմանի առողջական վիճակը նորմալ է եղել:
Նշենք, որ Օմար Սուլեյմանը 1991-93 թթ.. գլխավորել է Եգիպտոսի ռազմական հետախուզությունը եւ ընդհանուր հետախուզությունը` 1993-2011 թվականներին: 2011թ. հունվարի 29-ին նշանակվել էր փոխնախագահ: Մինչ այդ փոխնախագահի պաշտոնը թափուր էր եղել 30 տարի:
Մուբարաքի տապալումից հետո նա համարվում էր նրա հնարավոր հետնորդներից մեկը, սակայն ապրիլին Եգիպտոսի իշխանությունն օրենքով նրան զրկեց ընտրություններին մասնակցելու հնարավորությունից:




























