Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնից ոչինչ չժառանգած քույրերը եւ եղբայրներն իրավաբաններին մեղադրել են կտակը կեղծելու եւ երգչի մոր վրա ճնշում գործադրելու մեջ, որը նրան հասցրել էր կաթվածի: Ջեքսոնի աղջիկը մեղադրանքները սուտ է անվանել: 

Տիտո, Ռենդի, Ժերմեն, Ջանեթ եւ Ռեբբի Ջեքսոններն իրենց մեղադրանքները նամակով ներկայացրել են իրենց եղբոր փաստաբաններին` Ջոն Բրանկեին եւ Ջոն Մաքլեյնին, գրում է  New York Daily News-ը: Նամակի ներքո չեն ստորագրել ոչ երգչի մայրը, ոչ երեխաները, ոչ հայրը, որը նույնպես  որոշ ժամանակ առաջ փորձել էր  վիճարկել կտակը: 

Ջեքսոնի 5 քույրերն ու եղբայրները փաստաբաններին գրել են, որ վերջիններս դադարեն  իրենց եղբոր անշարժ գույքը կառավարել: «Մեր եղբայրն ասել է, որ  զզվում է ձեզանից, եւ նա չէր ցանկանում, որ ձեզանից որեւէ մեկը նրա կյանքի կամ ունեցվածքի հետ կապ ունենա», - ասվում է  նամակում:

Ըստ նրանց` Բրանքեն ու Մաքլեյնը ստել էին, որպեսզի ստիպեն Ջեքսոնի մորն ավելի մեծ գումար հատկացնել իրենց այն շահույթից, որը նա ստանում է  փոփ արքայի ունեցվածքից, հաղորդում է NEWSru.com-ը:

Ջեքսոնները հիշեցրել են, որ փաստաբանները կեղծել են կտակի ստորագրությունը: Ռենդի Ջեքսոնը նման հայտարարությամբ հանդես էր եկել դեռեւս 2009 թվականին, իսկ 2010 թվականին դատարանը փաստաթուղթն օրինական էր ճանաչել` ժառանգորդ նշանակելով Ջեքսոնի երեք երեխաներին եւ մորը:

Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնը վախճանվել է 2009 թվականի հունիսի 25-ին` Լոս Անջելեսում, 51 տարեկան հասակում: Ըստ հետաքննության` երգչի անձնական բժիշկ Քոնրադ Մյուրեյը նրան պրոպոֆոլ դեղամիջոցի մեծ քանակություն էր տվել, որն այլ դեղամիջոցների հետ փոխազդելով դարձել էր երգչի մահվան պատճառը: