Դեկտեմբերի 26-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում ստորագրվել է «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի փոխհամագործակցության հուշագիր»: Այն ուղղված է ՀՀ տարածքում էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի արդյունավետ կարգավորմանը, ոլորտում արդար և բաց մրցակցության երաշխավորմանն ու տնտեսվարող սուբյեկտների ու սպառողների շահերի պաշտպանությանը, ինչպես նաև տնտեսական ներդրումների համար բարենպաստ միջավայրի ապահովմանը:

Ստորագրող կողմերն էին` երկու հանձնաժողովների նախագահներ Ռոբերտ Նազարյանն ու Դավիթ Հարությունյանը: Այս մասին NEWS.am-ին հաղորդել են էկոնոմիկայի նախարարությունից։

Ըստ Հուշագրի, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն օժտված է տնտեսական մրցակցության պաշտպանության եւ խրախուսման, բարեխիղճ եւ ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովման, հակամրցակցային գործունեության կանխարգելման, սահմանափակման եւ նախազգուշացման եւ տնտեսական մրցակցության պաշտպանության նկատմամբ վերահսկողության իրականացման իրավասություններով:

Իրավական հիմքերի կամ աշխատանքային արդյունավետության նկատառումներից ելնելով` Կողմերը կարող են դիմել միմյանց վարույթ հարուցելու եւ վարույթային ընթացակարգն արագացված կարգով իրականացնելու առաջարկությամբ:

Երկու հանձնաժողովներն իրենց իրավասության շրջանակներում աջակցում են միմյանց` էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կարգավորմանն առնչվող տեխնիկական-մասնագիտական բնույթի, ինչպես նաեւ մրցակցության ապահովմանն առնչվող հարցերի վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելով: