Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին այս շաբաթ ճապոնական ակիտա-ինու ցեղատեսակի շուն կնվիրեն, որը ռուս առաջնորդին խոստացել էր Ճապոնիայի վարչապետ Յոսիհիկո Նոդան` Մեքսիկայի G20-ի գագաթաժողովի ընթացքում:

Ինչպես հաղորդում է dni.ru-ն, կենդանուն Սոչի կհասցնի Ճապոնիայի ԱԳՆ-ի ղեկավար Կոիտիրո Գեմբան անձամբ: «Ճապոնիան մտադիր է ակիտա-ինու ցեղատեսակի շանը Ռուսաստան հասցնել այս շաբաթվա վերջին, երբ արտգործնախարար Գեմբան այցով Սոչի կժամանի», - հաղորդում են ճապոնական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ  ներկայումս Պուտինին են պատկանում լաբրադոր Քոնին եւ բուլղարական կարակաչանյան Բաֆֆի շունը: Վերջինիս Ռուսաստանի նախագահին նվիրել էր նրա բուլղարացի գործընկեր Բոյկո Բորիսովը` 2010 թվականի նոյեմբերին Ռուսաստանի ղեկավարի Սոֆիա կատարած այցի ժամանակ:

Նշենք, որ ակիտա-ինու ցեղատեսակը համաշխարհային ճանաչում էր ստացել իր հայտնի ներկայացուցիչ` Հածիկո շան շնորհիվ:

Շունը պատկանել է  Տոկիոյի համալսարանի պրոֆեսորին: Երբ շունը 18  ամսական է եղել, նրա տերը վախճանվել է  աշխատանքի վայրում, սակայն հավատարիմ շունը տիրոջ մահվանից հետո էլ 9 տարի շարունակ Տոկիոյի Սիբույա կայարանում սպասել է նրա վերադարձին: