Յուրմալայում այսօր` հուլիսի 24-ին, տեղի կունենա «Նոր Ալիք-2012» երգի մրցույթի պաշտոնական բացումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Սուրեն Առուստամյանի պրոդյուսեր Իրինա Վարդանյանը:
Նա նշեց, որ Հայաստանը ներկայացնող «Արսա» խմբի մենակատար, «Հայ սուպերսթար» նախագծի մասնակից Սուրեն Առուստամյանը շատ լավ եւ մարտական է տրամադրված մրցույթին: Այսօր կայանալիք բացման արարողության ժամանակ մասնակիցները դուրս կգան բեմ, կկատարեն ընդհանուր երգը, այնուհետեւ կլինի վիճակագրություն, թե ով որ համարի ներքո կերգի մրցութային առաջին օրը: Իսկ մրցութային օրերը երեքն են` հուլիսի 25,26,29:
Այսպես, առաջին մրցութային օրը մասնակիցները կներկայացնեն միջազգային հիթ, մասնավորապես` Սուրեն Առուստամյանը կկատարի Էրիք Քլեփթոնի Change The World երգը: Մրցույթի երկրորդ օրը կկատարեն երկրի հիթը: Ի դեպ, Սուրեն Առուստամյանը, որպես երկրի հիթ, ընտրել էր «Ով սիրուն, սիրուն» երգը, որը սակայն ժյուրին փոխել է: Հուլիսի 26-ին նա կկատարի Ավետ Բարսեղյանի գրած եւ Անդրեի կատարած երգերից «Իմ սերը քեզ»-ը: Իսկ երրորդ մրցութային օրը` հուլիսի 29-ին, Սուրեն Առուտսամյանը կկատարի հեղինակային երգը, որը եւս փոխվել է: Նա կկատարի Brandon Stone-ի Next to you երգը:
Հարցին, թե ինչո՞ւ են նրա կատարելիք երգերը փոխվել, պրոդյուսերը պատասխանեց, որ ժյուրին այդպես է վարվել, որպեսզի ոճային առումով երեք երգերն էլ տարբեր լինեն եւ Սուրենը յուրովի ներկայանա: Նրա խոսքով` շատ լավ տրամադրություն է տիրում Յուրմալայում, բոլորն իրար օգնում են եւ հաղթանակ մաղթում:
Ինչ վերաբերում է Հայաստանի մասնակցի հաղթելու հնարավորություններին, ապա Իրինա Վարդանյանը նշեց, որ Սուրենը ֆավորիտների մեջ է, լիդերներից է եւ նրան փորձերի ժամանակ միշտ ծափահարություններով են ընդունում:
Ի դեպ, այսօր երեկոյան «Արմենիա» հեռուստաընկերությամբ կցուցադրվի մրցույթի պաշտոնական բացումը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Նոր ալիք 2012-ի» եզրափակիչ փուլին մասնակցելու համար երիտասարդներից մեկնել են 5, իսկ «Մանկական նոր ալիք 2012-ին» մասնակցելու համար` 4 կատարողներ: Երիտասարդներից կիսաեզրափակչին մասնակցել են երգչուհիներ Լիլիթ Հովհաննիսյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Լուսինե Աղաբեկյանը, Մերի Մնջոյանը եւ երգիչ Սուրեն Առուստամյանը, իսկ մանուկներից` Էռնա Միրզոյանը, Սոնա Գյուլխասյանը, Արինա Մալխասյանը եւ Պատրիսիան: Մոսկվայում ապրիլի 18-19-ին կայացած կիսաեզրափակիչ փուլում ժյուրին մանուկներից ընտրել է Սոնա Գյուլխասյանին եւ Արինա Մալխասյանին, իսկ մեծերից` Սուրեն Առուստամյանին: Սուրեն Առուստամյանին աջակցելու համար Հայաստանից մեկնել են հաղորդավար Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը, երգչուհի Սոֆի Մխեյանը, երգիչ Անդրեն եւ այլք:
Ի դեպ, NEWS.am-ը ներկայացրել էր իր հարցազրույցը Սուրեն Առուստամյանի հետ:




























