Հայաստանի արտաքին պարտքը 2010-ին չի հասնի 50 տոկոսի, այն կլինի մոտ 46 տոկոսի սահմաններում: Այս մասին դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նրա ներկայացմամբ, 2010 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստանալու է 100 միլիոն եվրոյի վարկ, որն ամբողջությամբ լինելու է բյուջետային վարկ: Այդ 100 միլիոն եվրոյից 35 միլիոնը նվեր է լինելու: Բացի այդ, եւս 120 միլիոն դոլար Հայաստանը ստանալու է Ռուսաստանից, որը լինելու ապրանքային տեսքով վարկ, եւ որն ուղղվելու է ադամանդագործության ոլորտին: Այս վարկը հնարավոր է, որ երկրի արտաքին պարտքի մեջ չմտնի, քանի որ դա տրվելու է մասնավոր հատվածին, ուղղակի պետությունը աջակցում է, որ նման վարկ ստացվի:
Այնուհետեւ անդրադառնալով 2009 թվականի բյուջեի ծախսերից 93 միլիարդ դրամի չափով 4-րդ եռամսյակ տեղափոխված ծախսերին, Տ. Դավթյանն ասաց, որ, ճիշտ է, այդ ծախսերը տեղափոխվեցին 4-րդ եռամսյակ, ապա նաեւ կասեցվեցին, սակայն դրա փոխարեն կատարվեցին 50 միլիարդ դրամի չափով այլ, ավելի կարեւոր ոլորտներում լրացուցիչ ծախսեր: Մասնավորապես 24 միլիարդ դրամ ուղղվեց աղետի գոտուն, 15 միլիարդ դրամ տրամադրվեց տնտեսվարողների ավելացված արժեքի հարկերի վերադարձմանը:
Նա ՀՀ տնտեսությունը համեմատեց բարձր տուրբուլենտության գոտում գտնվող ինքնաթիռի հետ, որի շարժիչներից մեկը` շինարարությունը, չէր աշխատում, ընդգծելով, որ իրենց հաջողվեց մեր փոքրիկ օդանավը բարեհաջող դուրս բերել այդ գոտուց եւ այնպես, որ ուղեւորները առանձնապես չվնասվեցին:



























