Մայքլ Ջեքսոնի մայր Քեթրինը հայտնել է, որ հարազատները նրան կանխամտածված զրկել էին արտաքին աշխարհի հետ կապից: 

Հուլիսի 22-ին Քեթրին Ջեքսոնի ներկայացուցիչը հայտարարություն էր ներկայացրել Քալիֆորնիայի ոստիկանություն իր հաճախորդի անհետացման մասին: Շուտով պարզվել է, որ 82-ամյա կինն իր ավագ դուստր Ռեբբիի հետ ուղեւորվել է Արիզոնայի սպա- հանգստավայր, որտեղ անջատված են կապի բոլոր միջոցները, քանի որ բժիշկները նրան հանգիստ են նշանակել:

4 օր անց Քալիֆորնիայի դատարանը Քեթրինին զրկել էր Բլենքեթի, Փրինսի եւ Փերիսի խնամակալությունից, քանի որ երեխաները 10 օրվա ընթացքում չէին կարողացել կապվել տատիկի հետ: Երեխաների ժամանակավոր խնամակալ էր նշանակվել երգչի ավագ եղբայր Թիթո Ջեքսոնի որդին` 34-ամյա ԹիՋեյը: Օգոստոսի 2-ին հենց այդ դատարանը վերականգնել էր Քեթրինի խնամակալության իրավունքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով AP-ին:

Ըստ Քեթրինի` հանգստյան կենտրոնում իրենից վերցրել էին հեռախոսը, համակարգիչը, հեռուստացույցն էլ չի աշխատել: Սակայն մի օր լսել է, որ Քալիֆորնիայի ոստիկանությունն իրեն է փնտրում:

Հիշեցնենք, որ փոփ երգչի հարազատների մեջ վեճ էր ծագել նրա ժառանգության վերաբերյալ:  Ըստ ժառանգության` պաշտոնական միակ ժառանգորդը Քեթրինն էր: Սակայն որոշ քույրեր եւ եղբայրներ բողոքարկել են այն` համարելով կեղծված: