Հոլիվուդյան աստղ 31-ամյա Նատալի Փորթմանն ամուսնացել է ֆրանսիացի պարուսույց 34-ամյա Բենջամին Միլպիեի հետ: Հարսանիքը տեղի է ունեցել  օգոստոսի 4-ին` նրանց համատեղ տանը, որը գտնվում է Քալիֆորնիայի կենտրոնական ափամերձ Big Sur-ում:

Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել հրեական ավանդույթով` րաբբիի մասնակցությամբ:  Հայտնի է միայն, որ նրանք երդումներ են փոխանակել մթության մեջ: Հաղորդվում է, որ հարսանիքին ներկա են եղել հարսի եւ փեսայի ընտանիքները եւ մոտ ընկերները, այդ թվում նաեւ գործարար կին եւ ֆոտոմոդել Իվանկա Թրամփը` հայտնի մագնատ Դոնալդ Թրամփի դուստրը, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

Փորթմանն ու Միլպիեն ծանոթացել էին 2010 թվականին` «Սեւ կարապ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Նատալին բալետի պարուհու դեր էր կատարում, իսկ Բենջամինը պարուսույցն էր: Աշխատանքի ավարտից հետո երիտասարդները հայտարարել էին նշանադրության եւ ընտանիքում ապագա փոքրիկի ծնվելու մասին: Նրանց որդի Ալեֆը ծնվել է 2011 թվականի հունիսին: