«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնությունն այսօր` օգոստոսի 9-ին բողոքի ակցիա էր կազմակերպել ոստիկանության քննչական գլխավոր վարչության շենքի առջեւ: Նախաձեռնության անդամներն ու ակտիվիստները եկել էին իրենց աջակցությունը հայտնելու «Հարսնաքարի» գործով տուժածների փաստաբաններ Լուսինե Հակոբյանին եւ Տիգրան Եգորյանին:
Վերջիններս այսօր հայտարարություն էին տարածել, թե նշելով, թե վարչությունն իրենց է տվել գործի նյութերը` մոտ հազար գործ/թերթ, եւ ծանոթանալու համար ընդամենը երկու օր ժամանակ են հատկացրել: Ըստ փաստաբան Տիգրան Եգորյանի` քննչական գլխավոր վարչության տված ժամկետը ողջամիտ չէ եւ պետք է առնվազն մեկ ամիս տրամադրվեր գործի նյութերին ծանոթանալու համար: «Սա վկայում է այն մասին, որ քաղաքական իշխանություններն ու իրավապահները զբաղված են քրեական գործի կոծկմամբ»,- նշել է Տիգրան Եգորյանը:
Ակցիայի մասնակիցները «Չեք մարսելու մարդասպանին», «Չեք կոծկելու» եւ այլ գրառումներով պաստառներ էին պահել: Ակցիայի ընթացքը վերահսկում էին ոստիկանները, սակայն բարեբախտաբար որեւէ միջադեպ չարձանագրվեց:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին ժամը 23:00-ի սահմաններում ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել ռազմական մի քանի բժիշկներ, այդ թվում ՊՆ կայազորային հիվանդանոցի ԼՕՌ բաժանմունքի վարիչ, բժշկական ծառայության մայոր Վահե Ավետյանը:
Նա գլխի ծանր վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց, նրան մի քանի ժամ շարունակ նյարդավիրաբուժական վիրահատության էին ենթարկել: Հուլիսի 29-ին Վահե Ավետյանը մահացել էր:
Դեպքի կապակցությամբ կալանավորվել էին վեց մարդ, այդ թվում` Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներ:




























