Հայաստանի գլխավոր դատախազությունը հանձնարարել է ոստիկանությանը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում բռնարարքի գործով տուժող կողմի ներկայացուցիչներին ևս մի քանի օր տրամադրել գործի նյութերին ծանոթանալու ու գործի վերաբերյալ միջնորդություններ անելու համար: Այդ մասին հայտնում է «Փաստինֆո»  գործակալությունը:

Նշենք, որ փաստաբանները բողոքում էին, որ իրենց տրված մեկօրյա ժամկետը ողջամիտ չէ գործի նյութերին ծանոթանալու համար, նրանք համապատասխան միջնորդություն էին ներկայացրել ոստիկանություն, սակայն վերջինս պատասխանել էր, «Դեռ օգոստոսի 8-ին ժամկետը սահմանափակվել էր»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին ժամը 23:00-ի սահմաններում ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող  «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել ռազմական մի քանի բժիշկներ, այդ թվում ՊՆ կայազորային հիվանդանոցի ԼՕՌ բաժանմունքի վարիչ, բժշկական ծառայության մայոր Վահե Ավետյանը:

Նա գլխի ծանր վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց, նրան մի քանի ժամ շարունակ նյարդավիրաբուժական վիրահատության էին ենթարկել: Հուլիսի 29-ին Վահե Ավետյանը մահացել էր:

Դեպքի կապակցությամբ կալանավորվել էին վեց մարդ, այդ թվում` Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներ: