Ուշբա լեռան վրա գտնվող հայ լեռնագնաց Անդրանիկ Միրիբյանը այսօր, ժամը 19.30-ի սահմաններում հատել է լեռան գագաթի ամենավտանգավոր հատվածը և միացել փրկարարների ճամբարին: Այս մասին տեղեկացնում են  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Նշվում է, որ հայ և վրացի փրկարարների համատեղ ուժերով իրականացվել է բարդ փրկարարական գործողություն, որի արդյունքում լեռնագնացը կարողացել է հաղթահարել ճանապարհն ու վերջապես մոտենալ փրկարարներին: Մինչ այդ` վրացական կողմի փրկարարական ուղղաթիռը չորս անգամ փորձել է մոտենալ նրան, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով հայ լեռնագնացին մոտենալ չի հաջողվել:

Այժմ Ա. Միրիբյանը գտնվում է լեռան ստորոտին տեղակայված փրկարարական ճամբարում` միանգամայն անվտանգ ու առողջ վիճակում: Հանգստանալուց և ուժերը վերականգնելուց հետո` վաղը նա փրկարարների հետ միասին կիջնի լեռան ստորոտից: