Երեւանյան լճի հարակից տարածքից օգոստոսի 16-ի գիշերը ժամը 01:45-ի սահմաններում բերման է ենթարկել եւ ձերբակալվել է 1992 թ. ծնված Աբրահամ Գ.-ն, ով օգոստոսի 14-ին Երեւանյան լճի հարեւանությամբ գտնվող բենզալցակայանի մոտ  վիճաբանության ժամանակ, ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել 19-ամյա աղջկա գլխին եւ մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:

Այս մասին NEWS.am-ին  տեղեկացրեցին Ոտիկանության լրատվական ծառայությունից: Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ  պարզվել է, որ երեք օր առաջ՝ օգոստոսի 12-ի երեկոյան, Աբրահամ Գ.-ն կատարել է  մեկ այլ հանցագործություն։ Բագրատունյաց փողոցում գտնվող «Երեւան Սիթի» սուպերմարկետի մոտ դանակի սպառնալիքով 17-ամյա մի երիտասարդից հափշտակել է «Սամսունգ» բջջային հեռախոս եւ 10.000 դրամ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հափշտակվածն առգրավված է: Աբրահամ Գ.-ն ձերբակալված է, կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանյան լճի մոտ, օգոստոսի 14-ի գիշերը մի երիտասարդ ծեծի է ենթարկել 20-ամյա մի աղջկա: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել էին նաեւ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում: Երիտասարդին բերման են ենթարկել, սակայն ավելի ուշ նա ստորագրությամբ ազատ էր արձակվել: NEWS.am-ի տեղեկություններով` աղջիկը նախկինում մարմնավաճառությամբ է զբաղվել: Դեպքի օրը  20-ամյա աղջկա նկատմամբ տվյալ տղան ցանկացել է սեռական ոտնձգություն կատարել, սակայն աղջիկը դիմադրել է: