Հայաստանի տարբեր մարզերի միջնակարգ դպրոցներից քսան երկու հասարակագիտության առարկայի ուսուցիչներ մասնակցում են վեցօրյա դասընթացի, որն ավարտվում է վաղը Ծաղկաձորում` Կոտայքի մարզում:

Դասընթացը ամփոփիչ մաս է կազմում մեկամյա ուսուցողական ծրագրի, որը կազմակերպել է «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» (ՀՍԻԿ) մարզային հասարակական կազմակերպությունը` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ, նպատակ ունենալով կատարելագործելու հասարակագիտության ուսուցիչների մարդու իրավունքների եւ իրավական գիտելիքները եւ գործնական հմտությունները:

Ծրագիրը սկսվել է 2011թ. հուլիսին երեքշաբաթյա ինտենսիվ դասընթացով, որի ընթացքում ուսուցիչներին ներկայացվել են դասավանդման մեթոդները: Դասընթացի հիմնական թեմաները ընտրվել էին պետական կրթական ծրագրին համապատասխան: Մարդու իրավունքների պաշտպանության համակարգերի վերաբերյալ դասախոսությունները վարում էին տեղի փորձագետներ եւ տարբեր միջազգային կազմակերպությունների` այդ թվում ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի եւ «Փրկեք երեխաներին» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ` հատուկ ուշադրություն դարձնելով երեխայի իրավունքներին: Ուսուցողական ծրագիրը շարունակվել է մեկ տարի հեռահար ուսուցման ձեւով եւ կավարտվի այս դասըթացով, որի ընթացքում մասնակիցները կհանձնեն քննություններ եւ կպարգեւատրվեն վկայագրերով:

Ծրագիրն իրականացվում է 2010թ. դեկտեմբերին ԵԱՀԿ գրասենյակի ու ՀՀ գիտության եւ կրթության նախարարության միջեւ ստորագրված հուշագրի շրջանակներում, որի նպատակներից մեկն է խթանել երկրում մարդու իրավունքների կրթությունը բոլոր մակարդակներում: