Օգոստոսի 17-ին ոստիկանության Վաղարշապատի անձնագրային բաժանմունքի նախաձեռնությամբ, բաժանմունքի պետ Անդրանիկ Ադամյանը հանդիսավոր պայմաններում ՀՀ քաղաքացու անձնագիր հանձնեց Մարշալ Բաղրամյան գյուղի ամենատարեց բնակչին` 104-ամյա Մովսես Դերմիշյանին: Այդ մասին հայտնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Մովսես պապը երկու համաշխարհային պատերազմ ու ցեղասպանություն է տեսել: 1908թ ծնվել է Արեւմտյան Հայաստանում, այնուհետեւ ընտանիքով գաղթել են Արեւելյան Հայաստան:
Մարշալ Բաղրամյանի անունը կրող գյուղի առաջին բնակիչներից ու հիմնադիրներից է, գյուղի առաջին հողագործն ու շինարարը: Համագյուղացիները պատմում են, որ գյուղում առաջին խաղող պատվաստողը Մովսես պապն է եղել: Իսկ ինքը այսօրվա պես հիշում է, թե ինչպիսի դժվարությամբ, Ստալինյան տարիներին եւ Մարշալ Բաղրամյանի կենդանության օրոք անվանակոչեցին գյուղը:




























