Այս տարի առաջին դասարան հաճախող երեխաների թվի աճի միտում կա, մասնավորապես`  այժմ օգոստոսի 20-ի եւ նախորդ տարվա սեպտեմբերի 5–ի ցուցանիշը նույնն է՝ 10 հազար առաջին դասարանցի: Այս մասին այսօր` օգոստոսի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Նա տեղեկացրեց, որ քաղաքապետարանը շարունակում է առաջին դասարանցիներին գրենական պիտույքներով պայուսակներ նվիրելու ավանդույթը: Սկսվել է դասագրքերի ստացման եւ բաշխման գործընթացը. առաջինից չորրորդ դասարանի բոլոր երեխաները կապահովվեն անվճար դասագրքերով, իսկ 5-րդ դասարանից սկսած, դասագրքերը վճարովի են: «Ծնողները մինչեւ դեկտեմբեր մաս-մաս կարող են վճարել դասագրքերի համար, որոնց գները փակցված են գրադարաններում: Ծնողներին ուղղված որեւէ պարտադրանք՝ դասագրքերի գումարը անմիջապես վճարելու, դպրոցներում բացառվելու է»,- նշեց Գայանե Սողոմանյանը: Այս տարի ուսումնական պլան են մտել 7-րդ դասարանում երաժշտություն եւ կերպարվեստ առարկաները, իսկ 9-րդ դասարանում գծագրություն առարկան դուրս է եկել ուսումնական պլանից:

Գայանե Սողոմոնյանի խոսքով` Երեւանում այս օրերին կատարվում են դպրոցների տարածքների բարեկարգման, սանմաքրման, կանաչապատման աշխատանքներ: Երեւան քաղաքի բոլոր այն դպրոցներին, որոնք ունեն կանաչ տարածքներ, քաղաքապետարանը բաժանել է խոտհնձիչներ, ծաղիկներ ու ծառեր:  Սեպտեմբերի 1-ին նախատեսված է Ճանապարհային ոստիկանության եւ ոստիկանության մյուս ստորաբաժանումների կողմից անմիջական հսկողության տակ վերցնել բոլոր դպրոցամերձ փողոցները, որտեղ կատարվելու է հերթապահություն՝ նախորդ տարիներին արձանագրված դժբախտ դեպքերը բացառելու կամ երեխաների՝ տուն-դպրոց, դպրոց-տուն ճանապարհն ապահովելու համար:

«Ուսումնասիրվելու են բոլոր դպրոցները, թե կահավորվա՞ծ է, արդյոք, դպրոցամերձ տարածքը երթեւեկության կարգավորման համապատասխան միջոցներով, թե՝ ոչ: Եվ ես համոզված եմ, որ մինչեւ օգոստոսի 30-ը կհասցնեն ապահովել համապատասխան գծանշումներով»,-ասաց ՝ ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորայր Սարգսյանը` հավելելով, որ մայրաքաղաքի դպրոցների մերձակա տարածքների 30 %-ն արդեն իսկ կահավորված է համապատասխան տեխնիկական միջոցներով: