Սեպտեմբերի 9-ին կայանալիք Վանաձորի քաղաքապետի ընտրություններում քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը առաջադրված բոլոր 4 թեկնածուների ուժերը գնահատում է հավասար: Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Վանաձորի քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանը:
«Նրանք բոլորն էլ կարող են դառնալ քաղաքապետ, եթե իհարկե վանաձորցին նրանց ընտրի»,-ասաց նա: Պատասխանելով հարցին, թե ում կտար իր ձայնը որպես վանաձորցի, Դարբինյանը պատասխանեց. «Ես նախ կկարդայի բոլոր թեկնածուների նախընտրական ծրագիրը, ում ծրագիրը որ ավելի իրատեսական կլիներ և ում ծրագիրը կլինի ավելի առաջնային, նրան էլ կընտրեի…բայց այդ ծրագիրը պետք է իրատեսական լինի, ոչ թե ուղղակի գեղեցիկ գրված»:
Նշենք, որ սեպտեմբերի 9-ին կայանալիք Վանաձորի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել են նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, Լոռիի նախկին փոխմարզպետ, ԲՀԿ-ական Էդիկ Կարախանյանը, անկուսակցական Կարեն Թումանյանը, ՄԻԱԿ Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Տարոն Ապրեսյանը և անկուսակցական Տիգրան Գրիգորյանը:
Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի




























