Վանաձոր քաղաքի վերելակ ունեցող 168 բազմաբնակարան շենքերից մոտ 60-ի վերելակները գտնվում են դեռեւս անսարք վիճակում եւ ունեն վերանորոգման կարիք: Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների ու բնակարանային տնտեսությունների բաժնի պետ Գրիշա Պառավյանը NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ նախորդ տարի, թվով 11 վերելակների նորոգման աշխատանքներ արվել են կառավարության տրամադրած միջոցներով:
«Դրանից բացի, Վանաձոր համայնքի աջակցությամբ ու միջոցներով իրականացվել են թվով 37 վերելակների նորոգման աշխատանքներ, ինչի արդյունքում հիմա մենք ունենք աշխատող վերելակներ»,- ասաց նա:
Գրիշա Պառավյանի փոխանցմամբ` քաղաքապետարանը համատիրություններին առաջարկում է վերելակների նորոգման համար 500 հազար դրամի չափով օժանդակություն: Միակ պայմանը նրանում է, որ աջակցությունը կլինի ոչ ավել, քան 50 տոկոսի չափով: «Այսինքն մենք վերելակների նորոգման աշխատանքների 50 տոկոս գումարը տալիս ենք, բայց ոչ ավել, քան 500 հազար դրամը, եթե գումարը կազմի 1 միլիոն ու կես, ապա մենք կկարողանանք տալ միայն 500 հազար դրամը, բնակիչներն ու համատիրությունը մնացած մեկ միլիոնն ու իրականացվում են վերելակի նորոգման աշխատանքներ»:
Չնայած գումարային այս խոշոր չափին եւ որոշ դեպքերում բազմաբնակարանների ոչ լրիվ բնակեցված լինելուն, Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների ու բնակարանային տնտեսությունների բաժնի պետ Գրիշա Պառավյանն հավաստիացնում է, որ վանաձորցիները շատ ակտիվ են ու ներդրումներ են կատարում գիտակցաբար ու ինքնակամ: Հարկ է նշել, որ մինչ օրս Վանաձորի մի շարք բազմաբնակարանների վերելակներ իրենց բուն նպատակին ծառայելու փոխարեն շարունակում են ծառայել որպես զուգարաններ՝ գարշահոտություն տարածելով ոչ միայն վերելակում, այլ նաեւ ամբողջ շենքում:




























