Հայաստանի գլխավոր դատախազությունը նոր մանրամասներ է հրապարակել ութամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու գործի կապակցությամբ։ Ինչպես նշված է դատախազության կայքում, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության` Երեւան քաղաքի, ԿՀԴՊ գլխավոր եւ ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչությունների կողմից ձեռնարկված համատեղ քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 28-ամյա Դ. Փ.-ն 2012թ. հուլիս ամսին համացանցի "Вконтакте"  սոցիալական կայքի` իր անձնական էջի տվյալների պահպանման համակարգում, ինչպես նաեւ իրեն պատկանող բջջային հեռախոսում ներբեռնել եւ պահել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր:

Բացի այդ, 2012թ. օգոստոսի 18-22-ն ընկած ժամանակահատվածում համացանցի "Одноклассники" սոցիալական կայքում, քողարկելով իր ինքնությունը, գրանցվել է Նարեկ Համբարձումյան պայմանական անվամբ եւ 8-12 տարեկան մանկահասակ աղջիկների հետ սեռական հարաբերություններ ունենալու նպատակով ծանոթացել է երեւանաբնակ, մանկահասակ, ութամյա մի աղջնակի հետ:  Դ. Փ.-ն էլեկտրոնային նամակագրությամբ համոզել է նրան սեռական հարաբերություն ունենալ իր հետ` խոստանալով, որ փորձնական նկարահանումներից հետո հետագայում նրան նկարահանելու են մանկական պոռնոգրաֆիկ ֆիլմերում եւ սերիալներում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, ութամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու եւ պոռնկագրական նյութեր տարածելու կասկածանքով ձերբակալվել է Երեւան քաղաքի բնակիչ 28-ամյա Դ. Փահլեւանյանը:

Դեպքի առթիվ  ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչությունում  հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին եւ 263-րդ հոդվածի 2-րդ մասերով: Կատարվում է նախաքննություն:

Քրեական գործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումը հանձնարարվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործություններոի գործերով վարչությանը: