Հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստանի» միջեւ հակամարտություն չկա։ Այս մասին օգոստոսի 23-ին կայացած ՀՀԿ խորհրդի նիստի ավարտից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ քաղաքական կուսակցությունների միջեւ ընդհանրապես հակամարտություններ չկան։ «Ընդհանրապես հակամարտություններ չկան քաղաքական կուսակցությունների, առավել եւս՝ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ»,- ասել է Սահակյանը։

ՀՀԿ-ը փոխնախագահն անդրադարձել է նաեւ ԱԺ նախագահ, ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ տարածված լուրերին, թե Աբրահամյանն նախընտրական փուլում սերտ կապերի մեջ է ԲՀԿ-ի հետ, եւ առավել պաշտպանում է ԲՀԿ շահերը, քան Հանրապետականինը։ Գալուստ Սահակյանը վստահեցրել է, որ դրանք պարզապես բամբասանքներ են։

Լրագրողները հետաքրքրվեցին, որ ըստ տեղեկությունների ՀՀԿ-ն ցանկանում է ԲՀԿ-ի ձեռքից վերցնել Մասիսի ընտրատարածքը, ինչին ի պատասխան Սահակյանը հայտարարել է. «Հանրապետականը ոչ մեկի ձեռքից ոչինչ չի վերցնում: Ընդհանուր առմամբ ում ժողովուրդը ընտրում է, բնականաբար, աշխատում է մեզ հետ՝ բոլորս միասին: Մասիսում ունենք թեկնածու, Աբովյան քաղաքում թեկնածու չունենք, իսկ Աշտարակի համար տեղական տարածքային կազմակերպությունը դեռեւս վերջնական չի որոշել, 1-2 օրից պարզ կլինի»։

NEWS.am-ին Սահակյանը տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հրավիրված գործադիր մարմնի նիստում որոշում է կայացրել պաշտպանել ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին, ով Գյումրիի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է ԲՀԿ-ի կողմից։ «Ամառային արձակուրդներից հետո, սա ՀՀԿ գործադիր մարմնի կողմից հրավիրված առաջին նիստն էր։ Բացի նշվածից, նաեւ ներկուսակցական հարցեր քննարկեցինք, ինֆորմացիայով փոխանակվեցինք եւ վերլուծություններ կատարեցինք»,-ասել է Գալուստ Սահակյանը՝ ավելացնելով, որ ինֆորմացիան կապված է եղել ՏԻՄ ընտրությունների հետ: