Մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցության հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Գերմանիայի Վայմար քաղաքի քաղաքապետ Շտեֆան Վոլֆի հետ հանդիպման ժամանակ: 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ, ողջունելով գործընկերոջը, Տարոն Մարգարյանը, համառոտ ներկայացնելով Երեւանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները, նշել է, որ այսօր Երեւան քաղաքի զարգացման ծրագրերով լուրջ քայլեր են ձեռնարկվում ոլորտային տարբեր ուղղություններով. «Մեր ծրագրային առաջնահերթությունների շարքում այսօր աշխատանքներ են տարվում տրանսպորտի ոլորտի կանոնակարգման, կանաչ տարածքների ընդլայնաման, սոցիալական խնդիրների լուծման եւ մի շարք այլ ուղղություններով: Նոր ծրագրերի իրականացմանը զուգընթաց լուրջ խնդիր է դրված նաեւ պահպանելու Երեւանի քաղաքաշինական ու ճարտարապետական դիմագիծը»,- ընդգծել է քաղաքապետը: Կարեւորելով երկկողմ փոխշահավետ ծրագրերի իրականացումը Վայմարի, ինչպես նաեւ գերմանական մի շարք քաղաքների հետ, Տարոն Մարգարյանը նշել է, որ համագործակցության լայն հնարավորություններ եւ հեռանկարներ կան ինչպես տեղական ինքնակառավարման ոլորտում փորձի փոխանակման, այնպես էլ քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Վայմարի քաղաքապետ Շտեֆան Վոլֆը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում Երեւանի եւ Վայմարի միջեւ հարաբերություններն ավելի սերտ ու գործնական կդառնան. «Երկու օր է, ինչ Երեւանում եմ եւ արդեն հասցրել եմ հաճելիորեն զարմանալ Երեւանի գրավիչ արտաքին տեսքով ու զարգացման տեմպերով: Այն ծրագրերն ու աշխատանքները, որոնց իրականացմանը ականատես եղա, արդեն իսկ բավական են հասկանալու, որ այսօր կան բոլոր նախադրյալները երկկողմ ծրագրերի իրականացման եւ փորձի փոխանակման համար»,- նշել է Վայմարի քաղաքապետը: Շտեֆան Վոլֆը նշել է նաեւ, որ 2015թ.-ին Վայմարում միջոցառումներ են նախատեսվում Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցի հետ կապված:

Երեւան այցի շրջանակում հնարավոր համագործակցության հարցեր կքննարկվեն նաեւ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության   պետական համալսարանի եւ Վայմարի ճարտարապետաշինարարական համալսարանի միջեւ:

Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանը բաց եւ պատրաստակամ է փոխշահավետ համագործակցություն ծավալելու գերմանական քաղաքների հետ եւ իր լիազորությունների շրջանակում օժանդակելու փորձի փոխանակման, ենթակառուցվածքների բարելավման, զբոսաշրջության զարգացման, քաղաքացիների սպասարկման, կառավարման, այդ թվում նաեւ Երեւանում ներդրումային ծրագրերի իրականացման հարցում: