Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունն անցած տարի կրճատվել է 40 տոկոսով: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը:

«2008թ. մենք հասել ենք 35 մլրդ դոլար ապրանքաշրջանառության, բայց 2009թ.-ին այն իջավ 40 տոկոսով։ Այդուհանդերձ, Թուրքիան մնում է Ռուսաստանի ամենախոշոր տնտեսական գործընկերներից մեկը՝ շրջանցելով ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի վարչապետի խոսքով, այս փուլում երկրների առջեւ խնդիր է դրված դիվերսիֆիկացնել տնտեսական հարաբերությունները:

Իր հերթին, Էրդողանը նկատել է, որ ռուս-թուրքական հարաբերությունների դիվերսիֆիկացումն արդեն նշմարելի է ռազմական, տնտեսական եւ մշակութային համագործակցության մեջ: Նա հույս է հայտնել, որ կողմերին կարճ ժամկետում կհաջողվի վերադառնալ ապրանքաշրջանառության նախկին մակարդակին եւ կատարել է 2009թ. օգոստոսին դրված խնդիրը՝ 5 տարում այդ ցուցանիշը հասցնել 100 մլրդ դոլարի, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին: