Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Համադուն Թուրեին: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին նախագահի մամուլի ծառայությունից, ողջունելով ՀՄՄ գլխավոր քարտուղարի այցը Հայաստան՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հեռահաղորդակցության եւ կապի ոլորտում մեր երկրում վերջին տարիներին արձանագրված հաջողությունները նաեւ Հեռահաղորդակցության միջազգային միության եւ անձամբ պարոն Համադուն Թուրեի հետ համագործակցության արդյունքն են:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Համադուն Թուրեի գործունեությունը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում:
ՀՄՄ գլխավոր քարտուղարը նշել է, որ Հայաստանն ակտիվ մասնակցում է միության աշխատանքներին, եւ ուրախ է հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանի որոշակի առաջընթացի համար: Նա վստահեցրել է նախագահին, որ ՀՄՄ-ն այսուհետեւ եւս պատրաստ է աջակցել կազմակերպության անդամ Հայաստանին՝ ոլորտի մասնագետների եւ փորձագետների պատրաստման գործում, սերտորեն փոխգործակցել անհրաժեշտ այլ հարցերում:
Համադուն Թուրեի խոսքով, ինտելեկտուալ մեծ ներուժ ունեցող Հայաստանը հեռահաղորդակցության եւ կապի ոլորտում զարգացման զգալի հնարավորություններ ու հեռանկար ունի, եւ ուրախ կլինի այսուհետ եւս ոլորտի հետազոտական, աշխատանքային խմբերի քննարկումներին, հեռահաղորդակցության խնդիրների շուրջ հրավիրվող միջազգային համաժողովներին եւ կարեւոր այլ միջոցառումներին տեսնել Հայաստանի ակտիվ մասնակցությունը:
Զրուցակիցները երկուստեք կարեւորել են ՀՀՄ դերը յուրաքանչյուր պետության եւ ժողովրդի սոցիալ-տնտեսական զարգացումն ապահովելու գործում:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ աշխարհում հեռահաղորդակցության ոլորտի նորարական եւ հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման միտումներին, առկա խնդիրներին ու դրանց լուծման գործում ՀՄՄ դերին:




























