Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունում գրանցված է Հայաստանում մշտական բնակություն հաստատած սիրիահայ ընտանիքների 247 դպրոցահասակ երեխա: Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ սիրիահայ երեխաների առօրյան եւ հանգիստն առավել բովանդակալից եւ արդյունավետ դարձնելու համար ՀՀ սփյուռքի նախարարությունը կազմակերպել էր նրանց եռօրյա հանգիստը Աղավնաձորի ճամբարում: Նրանք հնարավորություն ունեցան ծանոթանալ եւ ընկերանալ միմյանց հետ, ուրախ ժամանակ անցկացնել:
Նախարարության ջանքերով ապահովվել էր երեխաների բովանդակալից առօրյան. կազմակերպվել էին պարի եւ երգի դասեր, հայրենագիտական թեմաներով զրույցներ:
Երեխաներին հյուր էր նաեւ գուսան Հայկազունը՝ իր երգչախմբով:
Հանգստի օրերին երեխաներին այցելեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա ողջունեց երեխաներին՝ մաղթելով անսպառ հայրենասիրություն եւ եռանդ: Անմիջական զրույցի ընթացքում երեխաները նախարարին պատմեցին Հայաստանի մասին իրենց տպավորություներն ու զգացողությունները:




























