1 տարեկան 7 ամսական Ալբերտ Մանուկյանի մոտ ախտորոշվել է արյան քաղցկեղ հիվանդություն: Փոքրիկն արդեն երկու ամիս է` գտնվում է Երեւանի Յոլյանի անվան արյան փոխներարկման կենտրոնում: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Ալբերտ Մանուկանի հորեղբայրը՝ Նարեկ Մանուկյանը նշեց, որ բուժումը համալիր ստանալու դեպքում հնարավոր է փրկել երեխայի կյանքը. «Երեխեն մեկ ու կես տարկան էր, մի օր տեսանք, որ ոտքերի վրա սեւ բծեր են առաջացել, մի քանի ժամ անց արդեն տեսանք, որ շատացել են, զանգեցինք, տարանք հիվանդանոց: Նույն օրը տարանք Երեւան, անալիզներ վերցրեցին ու ասին, որ երեխու մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ (արյան քաղցկեղ)»:
Հորեղբոր պատմածով` փոքրիկը այժմ քիմիաներ է ընդունում, հետո բուժման կուրսը ավարտելուց հետո, եթե ամեն ինչ լավ լինի, պետք է տեղափոխեն Մոսկվա ճառագայթներ ընդունելու: Նրա փոխանցմամբ` մինչ այժմ ամեն ինչ բարեհաջող է ընթանում, փոքրիկն իրեն համեմատաբար լավ է զգում. «Չնայած երեխայի բուժումն անվճար է, սակայն պահանջվող դեղերը շատ թանկ են, ծնողները չեն աշխատում, Երեւանում երեխային են խնամում, իսկ հետագա բուժումը շարունակելու համար կրկին մեծ գումարներ են պետք, չնայած որոշ կազմակերպություններ օգնում են դեղերի ձեռք բերման հարցում, բայց դա շատ չնչին է»:
Արդեն երկու ամիս է, ինչ փոքրիկը հիվանդանոցում է, ու դեռեւս 7 ամիս պետք է մնա այնտեղ: 1.5 ամյա փոքրիկին օգնելու համար բացվել է հաշվեհամար, հարազատները հույս ունեն, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան օգնել իրենց. «Յուրաքանչյուր լումայի ներդրումը կօգնի ձեռք բերել այդքան թանկարժեք դեղամիջոցներն ու հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում շարունակել բուժումը արտերկրում»:
Հ.Գ. Ովքեր կցանկանան օգնել փոքրիկին, կարող են զանգահարել 055 14 45 19 հեռախոսահամարով:






























