Հեռուստատեսությամբ խնդրի բարձրացումից հետո ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի սեպտեմբերի 14-ի հրամանով հաշմանդամ Մարիամ Փափազյանի նկատմամբ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում ոչ ճիշտ մոտեցում ցուցաբերելու առթիվ ուսումնասիրություն է սկսվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի անոթային բաժնի վարիչ Զախար Պետրոսյանը խախտել է ոչ միայն բժշկական էթիկայի կանոնները, այլեւ ՀՀ կառավարության 2004թ.-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության եւ սպասարկման մասին» թիվ 318 որոշման, ինչպես նաեւ ՀՀ առողջապահության նախարարության եւ բուժհիմնարկի միջեւ կնքված` Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման մասին պայմանագրի պահանջները։
Ելնելով այդ ամենից` ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը մի շարք հանձնարարականներ է տվել։ «Արմենիա» բժշկական կենտրոնի անոթային բաժնի վարիչ Զախար Պետրոսյանն ազատվել է աշխատանքից։ «Իսկ հաշմանդամ Մարիամ Փափազյանի հիվանդանոցային բուժումը կազմակերպվում է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում»,- հայտնեցին նախարարությունից։



























