Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հյուրերը ներկայացրեցին Հայաստանում կոշտ թափոնների կառավարման ազգային ռազմավարության մշակման հետ կապված աշխատանքների ընթացքը, քննարկեցին  հետագայում ռազմավարության իրականացման հետ կապված հարցեր: Տեղեկացվեց,   որ փաստաթղթի նախնական տարբերակը կառավարությանը կներկայացվի հունվարին:

Փոխվարչապետը ողջունելով կատարված աշխատանքները` միաժամանակ  կարեւորեց ոլորտում ծրագրեր իրականացնող միջազգային մյուս կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչպես նաեւ ընդգծեց ռազմավարության իրատեսական լինելու հանգամանքը: Նա հյուրերին առաջարկեց  մասնակցել  հոկտեմբերի 5-6-ը Ջերմուկում կայանալիք գյուղական համայնքների երկրորդ համաժողովին,  որի աշխատանքային խմբերից մեկի քննարկման թեման վերաբերելու է հենց  Հայաստանում կոշտ կենցաղային թափոնների կառավարման խնդիրներին` նշելով, որ այն սեփական մոտեցումները ներկայացնելու ու նաեւ համայնքապետերի առաջարկությունները լսելու լավ հնարավորություն կլինի: